Սաուդյան Արաբիան հութիների շրջափակման պատճառով կորցնում է նավթի արտահանման ծավալները

Բաբ էլ-Մանդեբի նեղուցով Սաուդյան նավթի բեռնափոխադրումների ծավալները վերջին երկու շաբաթվա ընթացքում նվազել են 36%-ով։ Պատճառը «Անսար Ալլահ» շարժման կազմում գործող եմենյան հութիների հետ հակամարտության սրումն է։ Այս մասին գրում է The National-ը՝ վկայակոչելով Kpler վերլուծական ընկերության տվյալները։

Ավելի վաղ հութիները հայտարարել էին Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակման մասին։ Իրենց հայտարարության մեջ նրանք ընդգծել էին, որ Էր-Ռիադի գործողություններին ի պատասխան՝ «համապարփակ էսկալացիայի» իրավունք են վերապահում իրենց:

Ինչպես նշում է պարբերականը, անցած շաբաթ Սաուդյան Արաբիայի Կարմիր ծովի նավահանգիստներ նավթի մատակարարումները նվազել են մինչև օրական 6.1 մլն բարել։ Համեմատության համար՝ հունիսի 29-ին գրանցված առավելագույն ցուցանիշը կազմել էր օրական 9.5 մլն բարել։

Բաբ էլ-Մանդեբի նեղուցով անցնող երթուղին Էր-Ռիադի համար առանցքային նշանակություն է ստացել այն բանից հետո, երբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև հակամարտության պատճառով փակվել է Հորմուզի նեղուցը։ Այժմ Սաուդյան Արաբիան իր նավթի շուրջ 70%-ը վերաուղղում է երկրի արևմուտքում գտնվող Յանբու էլ-Բահր նավահանգիստ։

Բաբ էլ-Մանդեբի նեղուցով անցնում է համաշխարհային առևտրի մոտ 12%-ը։ Եթե նեղուցը փակվի, վտանգի տակ կհայտնվի նավթի և գազի համաշխարհային մատակարարումների գրեթե մեկ քառորդը։

Leave a comment