Գլխավորը Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի մասին. ի՞նչ է տեղի ունեցել գիշերվա ընթացքում➖ ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է Իրանին հասցված հարվածների 11-րդ անընդմեջ շարքի հաջող ավարտի մասին: Թիրախ են դարձել իրանական ռազմական օպերատիվ կենտրոնները, ռազմածովային ուժերը, ավիացիոն անգարները, ԱԹՍ–ների պահեստները և ռազմական լոգիստիկայի ենթակառուցվածքները: Վերջին 3 ամսվա ընթացքում Իրանը հարձակվել է Հորմուզի նեղուցով անցնող ավելի քան 30 առևտրային նավերի վրա:➖ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Իրանում «տրամադրված չեն լուրջ վերաբերվել» ԱՄՆ-ի հետ բանակցություններին, և Թեհրանին մեղադրել է նախկին պայմանավորվածությունները տապալելու մեջ:➖ Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը համաձայնել է ԱՄՆ-ին հնարավորություն տալ օգտագործելու բրիտանական տարածքը՝ ռմբակոծիչների կիրառմամբ Իրանին հարվածներ հասցնելու համար:➖ Ամբողջ գիշեր Թեհրանում աշխատել է ՀՕՊ-ը։ Բուշերի նահանգապետը հայտարարել է, որ նահանգի 2 շրջան ենթարկվել է ԱՄՆ-ի հարվածներին: Ըստ նախնական տվյալների՝ զոհեր և տուժածներ չկան: Հարվածների են ենթարկվել Իրանի հարավում գտնվող Խուզեստան նահանգը, Թավրիզ և Բեհբեհան քաղաքները:➖ Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Քուվեյթում գտնվող ամերիկյան «Ալի աս-Սալեմ» բազայի ռադարներին հարվածելու և դրանք շարքից հանելու, ինչպես նաև քուվեյթյան Բուբիյան կղզում ռադիոլոկացիոն համալիրը շարքից հանելու մասին: Պայթյուններ են եղել Սաուդյան Արաբիայի, Իրաքյան Քրդստանի բազաներում:➖ ԻՀՊԿ կենտրոնական շտաբը հանդես է եկել նախազգուշացմամբ` Իրանի միջուկային և այլ զգայուն օբյեկտների վրա հարձակումը Թեհրանը կդիտարկի որպես լայնամասշտաբ տարածաշրջանային պատերազմի ուղղակի ընդլայնում, թիրախ կդառնան ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների բոլոր շահերը, օբյեկտները և բազաները։