Հայաստանի ամբողջ քաղաքական դաշտը՝ իշխանությունից մինչև ընդդիմություն, Ռուսաստանի հատուկ ծառայությունների կողմից կառավարվող թատրոն է, որի նպատակն է Կովկասում կանխել երկրորդ ճակատի բացումը և չեզոքացնել իրապես արևմտամետ ուժերի հնարավոր հայտնությունը։ Factor TV-ին տված հարցազրույցում նման տեսակետ հայտնեց «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը՝ վերլուծելով հետընտրական իրավիճակը և դրա աշխարհաքաղաքական համատեքստը։
Շանթ Հարությունյանի համոզմամբ՝ ընտրությունների արդյունքները պայմանավորված են ոչ թե ժողովրդի կամքով, այլ արտաքին ուժերի կողմից կառավարվող գործընթացներով։ Նրա խոսքով՝ ցանկացած երկրում ընտրությունները վերահսկվում են հատուկ ծառայությունների կողմից՝ ազգային անվտանգության նկատառումներով։
«Ընտրությունները, ըստ էության, վերահսկում ու անցկացնում են հատուկ ծառայությունները։ Դա երկրի համար թիվ մեկ անվտանգության հարց է, թե ովքեր են գալու երկրի ղեկին։ Կարող է թշնամի երկրի դավաճան մարդ լինի, դրա համար երկրի անվտանգության մարմինները՝ դրանք հատուկ ծառայություններն են, վերահսկում են ամբողջ ընտրական գործընթացը»,- ասում է նա։
Նա պնդում է, որ Հայաստանը չունի ինքնիշխան հատուկ ծառայություններ, և երկրի քաղաքական գործընթացները վերահսկվում են Ռուսաստանի կողմից։
«Մոսկվան ԿԳԲ-ի միջոցով Նիկոլ Փաշինյանին դարձնում է հայկական Սաակաշվիլի»,- նշում է նա՝ վկայակոչելով 2010 թվականի իր հայտարարությունը։
Ըստ Հարությունյանի՝ Նիկոլ Փաշինյանի, իբր, հակառուսական կեցվածքը Ռուսաստանի կողմից մշակված խաղ է՝ ուղղված Արևմուտքին․ «Պուտինը Նիկոլի միջոցով փորձում է Արևմուտքի հետ այնպես խաղալ, որ Կովկասում երկրորդ ճակատ ինքը չունենա, չստանա։ Նիկոլը կարողանում է իր գործունեությամբ, առերևույթ խոսելով բավարարել Պուտինի պահանջը»։
Այս տրամաբանության շրջանակում, ըստ Հարությունյանի, ռուսական կողմը խորհրդարանում տեղավորել է նաև բացահայտ ռուսամետ ուժերի՝ Ռոբերտ Քոչարյանին և Սամվել Կարապետյանին, որպեսզի Արևմուտքը, կանգնելով ընտրության առաջ, միշտ նախընտրի Փաշինյանին։ «Նա նախընտրել է պահեստային տարբերակ՝ բերել է ռուսամետ ուժերին, որ Արևմուտքը միշտ նախընտրի Նիկոլին»։
Նա նշում է, որ Արևմուտքը միամիտ չէ և հասկանում է այս խաղը, սակայն մասնակցում է դրան, քանի որ դա բխում է նաև իր շահերից․ «Արևմուտքը միամիտ չի, որ չիմանա, թե Նիկոլը Պուտինի հետ խաղում է։ Բայց եթե Պուտինին ձեռնտու է այդ խաղալը, նրանց էլ է ձեռնտու խաղալը»։
Իր տեսությունը բացատրելու համար Շանթ Հարությունյանը զուգահեռ է անցկացնում Իսրայելի հատուկ ծառայությունների՝ Մոսադի և Պաղեստինի ազատագրման կազմակերպության ղեկավար Յասեր Արաֆաթի հարաբերությունների միջև։ Նա պատմում է Մոսադի նախկին գնդապետի հարցազրույցից մի դրվագ, որտեղ վերջինս խոստովանում է, որ իրենք միտումնավոր չեն սպանել Արաֆաթին, քանի որ նա «կանխատեսելի գործիչ էր», իսկ նրա հնարավոր հետնորդները կարող էին լինել ավելի ծայրահեղական և անկառավարելի։
«Ասում է՝ մենք հաշվել էինք, որ Յասեր Արաֆաթը ինչքան էլ ահաբեկիչ է ու մեր թշնամին է, նա կանխատեսելի գործիչ է։ Բայց եթե մենք իրեն հիմա շարքից հանենք, Աբու Նիդալի նման ծայրահեղականները մեծ ազդեցություն ունեն, իրենք կգան ղեկավար»,- ասում է նա։
Այս նույն մեթոդաբանությամբ, ըստ Հարությունյանի, կառավարվում է նաև Հայաստանի քաղաքական դաշտը. «Քանի դեռ մենք մեր թշնամիների մեջ ավելի մեղմ, ավելի կոմպրոմիսային, ավելի մեզ հարմար գործիչ չենք գտել, որպես պոզիցիա ունեցող հավանական թեկնածու, որ կարող է փոխարինել, մենք իրեն չպիտի վերացնենք»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան