Volkswagen ավտոկոնցեռնը ծանր վիճակում է

Գերմանական Volkswagen ավտոկոնցեռնի ապագան «մազից է կախված», և այն շուտով կարող է դառնալ Եվրոպայի «ամենածանր կորուստներից» մեկը՝ ամերիկյան մաքսատուրքերին դիմակայելու փորձերի ֆոնին։ Այդ մասին գրել է The Telegraph թերթը։

Թերթի գնահատմամբ՝ կա հավանականություն, որ Volkswagen-ը ստիպված կլինի իր ինժեներական և դիզայներական մշակումների զգալի մասը տեղափոխել կամ արտապատվիրակել Չինաստան։ Չի բացառվում նաև, որ ընկերությունն ապագայում անցնի չինացի սեփականատիրոջ վերահսկողության տակ։

Ավտոկոնցեռնի գլխավոր տնօրեն Օլիվեր Բլյումեն ընդունում է, որ ընկերությունը գտնվում է ծանր վիճակում։ Աշխատակիցներին ուղղված ծառայողական գրության մեջ նա նախազգուշացրել է աշխատակազմի հերթական կրճատման վտանգի մասին. 650 հազար աշխատակիցներից շուրջ 50 հազարը կարող է կորցնել աշխատանքը։ Փակման վտանգի տակ են հայտնվել Էմդենի, Հանովերի, Ցվիկաուի և Նեկարզուլմի գործարանները, որոնք տարեկան արտադրում են մոտ 750 հազար ավտոմեքենա։

Աշխատակիցների վստահությունը ղեկավարության նկատմամբ նվազում է, իսկ դժգոհությունը՝ աճում։ Ինչպես հայտարարել է ընկերության արտադրական խորհուրդը, այն վստահությունից և բարի կամքից, որոնց հիման վրա Բլյումեն սկսել էր իր աշխատանքը 2022 թվականին, «գործնականում ոչինչ չի մնացել»։

Օրերս Bild թերթին տված հարցազրույցում Բլյումեն նշել էր, որ ցանկանում է խուսափել ծախսերը նվազեցնելու նպատակով Գերմանիայում արտադրական հզորությունները փակելու տարբերակից։ Նրա խոսքով՝ կոնցեռնի արտադրանքի նկատմամբ պահանջարկը շարունակում է բարձր մնալ, սակայն նույնիսկ այդ պայմաններում ընկերությունը չի կարողանում ապահովել բավարար շահութաբերություն։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

Leave a comment