Հուլիսի 18-ին Ագարակ քաղաքում տեղի ունեցան Լեռնագործի և մետալուրգի օրվան նվիրված տոնական միջոցառումներ. ՖՈՏՈ
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Հուլիսի 18-ին Ագարակ քաղաքում տեղի ունեցան Լեռնագործի և մետալուրգի օրվան նվիրված տոնական միջոցառումներ։ Տոնակատարության նախաձեռնողն ու կազմակերպիչը Մեղրիի տարածաշրջանում գործունեություն ծավալող Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատն էր, որը տարածաշրջանի խոշորագույն ձեռնարկություններից և գործատուներից մեկն է։
Տոնական միջոցառումները մեկնարկեցին կոմբինատի վարչական շենքում, որտեղ բացվեց ընկերության աշխատակիցներին նվիրված լուսանկարչական ցուցահանդեսը։ Ցուցադրությունը ներկայացնում էր այն մարդկանց, որոնց ամենօրյա նվիրումն ու աշխատանքը կարևոր ներդրում են ունենում հանքարդյունաբերության և մետալուրգիայի զարգացման գործում։
Տոնակատարության գլխավոր իրադարձությունը տեղի ունեցավ Ագարակի կենտրոնական հրապարակում, որտեղ անցկացվեց հանդիսավոր պարգևատրման արարողություն։ Պատվոգրերով և շնորհակալագրերով արժանացան Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի լավագույն աշխատակիցներն ու աշխատանքի վետերանները՝ բարձր մասնագիտական պատրաստվածության, բարեխիղճ աշխատանքի և երկարամյա ծառայության համար։
Ոլորտի աշխատողներին շնորհավորելու էին ժամանել համայնքի ղեկավարությունը, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ, ինչպես նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությունը։ Իրենց ելույթներում նրանք բարձր գնահատեցին հանքագործների և մետալուրգների դերը երկրի և տարածաշրջանի տնտեսական զարգացման գործում՝ շնորհակալություն հայտնելով նրանց նվիրված և պատասխանատու աշխատանքի համար։
Տոնական միջոցառումները եզրափակվեցին մեծ համերգային ծրագրով՝ հայկական շոու-բիզնեսի հայտնի երգիչների և երաժշտական խմբերի մասնակցությամբ։ Երեկոյի գեղեցիկ ավարտը դարձավ տոնական հրավառությունը, որը լուսավորեց Ագարակի երկինքը և անմոռանալի տոնական տրամադրություն պարգևեց քաղաքի բնակիչներին ու հյուրերին։
Տոնը դարձավ հարգանքի և երախտագիտության գնհատական այն մարդկանց նկատմամբ, որոնց ամենօրյա աշխատանքը կարևոր հիմք է հանդիսանում արդյունաբերության զարգացման և տարածաշրջանի բարեկեցության համար։