Քաղաքականություն
17.07.2026 | 16:49
Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխվեց։ Հակակոռուպցիոն դատարանում այսօր քննվեց Ղուկասյանի խափանման միջոց կալանքի հարցը, որոշում կայացվեց կալանքը փոխարինել տնային կալանքով՝ սահմանելով հեռախոսային խոսակցությունների, կապի ու հաղորդակցման այլ միջոցներից օգտվելու և այլ անձանց հետ շփման արգելք, ինչպես նաև գրավ՝ 15 մլն դրամի չափով։
Ավելի վաղ հանրային մեղադրողն առաջարկել էր 3 ամսով երկարաձգել Ղուկասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը։
Հիշեցնենք՝ Վարդան Ղուկասյանն այսօր ամբաստանյալի աթոռին է երեք գործով՝ կաշառքի, ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչի և դատական նիստի ժամանակ հնչեցրած հայհոյանքների մեղադրանքներով։
2025 թվականի հոկտեմբերի 20-ին իրավապահները ներխուժել էին Գյումրու քաղաքապետարան՝ Վարդան Ղուկասյանին բերման ենթարկելու համար։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարել էր, որ 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։ Բողոքի մեծ ալիք բարձրացավ, քաղաքապետարանի շենքի դիմաց հավաքված ցուցարարները թույլ չէին տալիս իրավապահներին մտնել շենք, ավելի ուշ նաև բախում սկսվեց, եղան բերման ենթարկվածներ։ Ի վերջո, Վարդան Ղուկասյանը բերման ենթարկվեց, ապա ձերբակալվեց։ Նրան մեղադրանք առաջադրվեց, հաջորդ օրը նա 2 ամսով կալանավորվեց։
Ռոզա Վարդանյան