Ֆուտբոլի Աշխարհի առաջնության եզրափակիչն անտառային հրդեհների պատճառով կարող է հետաձգվել. Olé

2026 թվականի Ֆուտբոլի Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղը Իսպանիայի և Արգենտինայի միջև կարող է հետաձգվել Կանադայում մոլեգնող լայնածավալ անտառային հրդեհների պատճառով, հաղորդում է արգենտինական Olé թերթը։

Հրդեհներից առաջացած խիտ ծուխը տարածվել է Կանադայի մի քանի շրջաններով և հասել ԱՄՆ հյուսիսային նահանգներ, այդ թվում՝ Նյու Յորք և Նյու Ջերսի, որտեղ հուլիսի 19-ին «Մետլայֆ» մարզադաշտում նախատեսված է անցկացնել եզրափակիչ խաղը։

Չիկագոյի իշխանություններն արդեն փակել են որոշ հանրային տարածքներ և չեղարկել բացօթյա միջոցառումները, իսկ MLS-ի կանոնավոր մրցաշրջանի խաղը «Չիկագո Ֆայր»-ի և «Վանկուվեր Ուայթքեփս»-ի միջև հետաձգվել է մինչև հոկտեմբերի 6-ը՝ օդի խիստ աղտոտվածության պատճառով։

Ole-ն նշում է, որ Աշխարհի առաջնության եզրափակիչը հետաձգելու հավանականությունը մնում է ցածր, բայց և չի բացառվում։

Եթե աղտոտվածության մակարդակն առողջության համար վտանգ ներկայացնի, Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) ունի արձանագրություններ՝ միջոցառման հնարավոր փոփոխությունները գնահատելու համար։

Աշխարհի եռակի չեմպիոն Արգենտինան (1978, 1986 և 2022) երկրորդ անգամ անընդմեջ կխաղա եզրափակչում։ Իսպանիան պատմության մեջ երկրորդ անգամ է հասնում եզրափակիչ։ 2010 թվականին Իսպանիան հաղթել էր Աշխարհի առաջնությունում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment