Փորձում են Վեհափառի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել. Զոհրաբյան

Բազմաթիվ քրեական գործեր կան հարուցված, որոնցով նպատակ կա հասնելու այնպիսի իրավիճակի, որ Վեհափառ հայրապետի նկատմամբ քրեական հետապնդում հարուցեն ու տանեն առաջ: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց եկեղեցու շահերը պաշտպանող փաստաբան Արա Զոհրաբյանը:

Նրա խոսքով՝ մինչև հիմա չեն կարողացել գտնել մի այնպիսի իրավիճակ, որ կարողանան Վեհափառին վարկաբեկել ու կալանավորել այնպես, որ հանրությունը խիստ չարձագանքի: 

«Բազմաթիվ փորձեր են եղել, որոշների մասին չեմ կարող խոսել, բայց իրենք հաջողության չեն հասել»,- նշեց Զոհրաբյանը:

Փաստաբանի խոսքով՝ իշխանության երազանքն է կաթողիկոսի դեմ գործ հարուցելը, սակայն դա այդքան էլ հեշտ չէ: Նա նկատեց՝ նման գործերից է նաև Գևորգ Սարոյանի հայցն ընդդեմ Հայ առաքելական եկեղեցու: 

Հիշեցնենք, որ Գևորգ Սարոյանը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ պահանջելով անվավեր ճանաչել իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու վերաբերյալ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հայրապետական տնօրինությունը և վերականգնել իրեն պաշտոնում։

Leave a comment