Ոմանք ուրախ են, ոմանք՝ հիասթափված, ԿԳՄՍՆ-ում նոր կադրային փոփոխություն. Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում կադրային փոփոխությունների շարքը կարող է շարունակվել, և առաջիկայում պաշտոնին հրաժեշտ տվողների ցանկում կարող է հայտնվել նաև նախարարի տեղակալներից մեկը։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ խոսքը փոխնախարար Արաքսյա Սվաջյանի մասին է։ Ըստ նույն աղբյուրների՝ նրա պաշտոնավարման շուրջ դժգոհությունները հատկապես սրվել են ամառային ճամբարների կազմակերպման հետ կապված խնդիրներից հետո։ Այս պահին ծառայողական քննություն է ընթանում։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է «Աղբյուր» ճամբարին, որի գործունեության կազմակերպման նպատակով կառավարության որոշմամբ հատկացվել էր ավելի քան 32 միլիոն դրամ, որպեսզի սոցիալապես անապահով և խոցելի խմբերի երեխաները հնարավորություն ունենան ամառային հանգիստ կազմակերպելու։

Սակայն ճամբարի աշխատանքների մեկնարկից շատ չանցած արձանագրվել են լուրջ խնդիրներ։ Ծնողների և մասնակիցների դժգոհությունները վերաբերել են կենցաղային պայմաններին, այդ թվում՝ հիգիենայի ապահովմանը, սննդի որակին և երեխաների ժամանցի կազմակերպմանը։

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ ստեղծված իրավիճակը դժգոհություն է առաջացրել նաև իշխանության ներսում, զայրացրել է Նիկոլ Փաշինյանին, և հենց այդ հանգամանքն է պատճառ դարձել, որ քննարկվի պատասխանատու փոխնախարարներից ևս մեկի պաշտոնանկության հարցը։

Միևնույն ժամանակ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետագա պաշտոնավարման հարցը չի քննարկվում։ Նա շարունակում է պաշտոնավարել՝ չնայած այսքան սկանդալներին, ինչպես նաև իր մտերիմների՝ Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ղեկավար կազմի ներկայացուցիչների մասնակցությամբ կոռուպցիոն գործի բացահայտմանը, որը ներկայումս քննվում է դատարանում։

Նախարարն այդ գործով մեղադրյալ կամ դատավարության մասնակից չէ, սակայն ընդդիմախոսները պնդում են, որ ոլորտում առկա խնդիրների համար քաղաքական պատասխանատվությունը շարունակում է կրել հենց նախարարը»։

 

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Պետական շարքային ծառայողները հերթական հիասթափությունն են ապրել իշխանության կողմից օգտագործվելու եւ չվարձատրվելու կապակցությամբ։

Մեզ ասացին, որ հունիսի 7-ի ընտրություններից առաջ պետական ծառայողների մեծ մասին պարտադրել են լծվել իշխանության քարոզչությանը եւ աշխատել իշխող ուժի համար՝ խոստանալով, որ ընտրություններից հետո մեծ անակնկալ են ստանալու դրա դիմաց։ Խոսքն ընթացիկ հավելավճարների ու պարգեւավճարների մասին չէ, այլ հենց ընտրությունների համար արված աշխատանքի դիմաց կլորիկ պրեմիայի։ Սակայն ընտրություններից հետո խոստացած անակնկալը «գրել են սառուցին», երբ որոշները հետաքրքրվել են ու պահանջել խոստացված անակնկալը, նրանց ասել են, որ չենք կարող բոլորին տալ՝ աղմուկ կբարձրանա։ Ապա ում պետք է, խրախուսել են, մեծամասնությանն էլ դասական ձեւով «քցել»։

Երեկ տեղեկացանք, որ ՀՀ կառավարությունը 5 մլրդ դրամ է հատկացրել՝ հայտնի պիլոտային ծրագրի շրջանակներում ղեկավար կազմերին միլիոնանոց պրեմիաներ վճարելու համար։

Հիշեցնենք, որ մի անգամ վճարել են 25-ի դեկտեմբերին, ապա կես տարի չեն վճարել, որ ընտրություններից առաջ մարդկանց չզայրացնեն, հիմա նորից սկսել են վճարել»։

Leave a comment