Քննարկվել են ֆրանսիական շուկա Carrefour ցանցի միջոցով հայկական արտադրանքի իրացման հնարավորությունները

Քաղաքականություն

16.07.2026 | 21:21

Հուլիսի 16-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը դեսպանությունում ընդունել է Carrefour ցանցի միջազգային ապրանքների գծով տնօրեն Ռեժի Ֆրոդենին (Régis Fraudin, Directeur de Catégorie, Produits du monde)․ հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են ֆրանսիական շուկա, մասնավորապես՝ Carrefour ցանցի միջոցով հայկական արտադրանքի ներմուծման և իրացման հնարավորությունները։ Կողմերը մտքեր են փոխանակել հայկական սննդամթերքի և այլ ապրանքների մրցունակության, ֆրանսիական սպառողների նախասիրությունների, ինչպես նաև շուկա մուտք գործելու համար անհրաժեշտ չափանիշների և ընթացակարգերի վերաբերյալ։

Ֆրոդեն ներկայացրել է «Carrefour»-ի գործունեության առանձնահատկությունները, մատակարարների ընտրության և արտադրանքի ներմուծման գործընթացները, ինչպես նաև ցանցի կողմից կիրառվող որակական և առևտրային պահանջները։

Դեսպան Խաչատրյանը կարևորել է ֆրանսիական խոշոր մանրածախ ցանցերի հետ համագործակցության զարգացումը՝ որպես Հայաստանի արտահանման ներուժի ընդլայնման և հայկական արտադրանքի միջազգային ճանաչելիության բարձրացման կարևոր գործոն։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել երկխոսությունը և ուսումնասիրել համագործակցության հնարավոր ուղղությունները՝ նպատակ ունենալով նպաստել հայկական արտադրանքի ներկայության ընդլայնմանը ֆրանսիական շուկայում»,- ասված է հաղորդագրւթյունում։

Նշենք, որ ՀՀ կառավարությունը հայտարարել է՝ արտահանման աշխարհագրության դիվերսիֆիկացումը ՀՀ տնտեսական քաղաքականության առաջնահերթություններից է։ Այդ շրջանակում իրականացվում են աշխատանքներ՝ հայկական գյուղմթերքի համար նոր շուկաներ բացելու, արտահանման ընթացակարգերը պարզեցնելու և միջազգային չափանիշներին համապատասխան արտադրությունը խթանելու ուղղությամբ՝ նվազեցնելով կախվածությունը ավանդական ուղղություններից և ընդլայնելով մուտքը դեպի ԱՄՆ, ԵՄ և Մերձավոր Արևելքի շուկաներ։

 

Leave a comment