Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման գործընթացում անհատական բնակելի տների կառուցման պարզ դեպքերի համար առավել հստակ և կիրառելի ձևաթղթային կարգավորումներ ունենալու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում։ Գործող կարգավորումների կիրառման ընթացքում ի հայտ են եկել դեպքեր, երբ միջին ռիսկայնության աստիճանի՝ II կատեգորիայի անհատական բնակելի տների կառուցման համար կիրառվող վարչարարական ձևաչափերը բավարար չափով առանձնացված չեն ավելի բարդ, ծավալուն կամ այլ նշանակության քաղաքաշինական օբյեկտների համար նախատեսված ընդհանուր ձևաչափերից։
Որոշմամբ ակնկալվում է անհատական բնակելի տների կառուցման համար կիրառվող ճարտարապետահատակագծային առաջադրանքի և շինարարության թույլտվության ձևաթղթերի հստակեցում և դրանց միասնական կիրառության ապահովում։ Ըստ այդմ՝ կարևորվում է նաև քաղաքաշինական էլեկտրոնային թույլտվությունների տրամադրման համակարգում համապատասխան ձևաթղթերի միասնական կիրառման տեսանկյունից, քանի որ ձևաթղթերի բովանդակային և կառուցվածքային հստակությունը անհրաժեշտ է տվյալների ստանդարտացված մուտքագրման, մշակման և իրավասու մարմինների կողմից վարչարարության միատեսակ իրականացման համար։
Դիտումների քանակ12