Կառավարության որոշմամբ մի շարք ընկերություններ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում կօգտվեն ներմուծման մաքսատուրքից ազատվելու արտոնությունից։
«Ռոզելին ԲԱՅ ԿՕԿ» ՍՊԸ-ն ներմուծվող հումքը և սարքավորումները նախատեսում է օգտագործել գերժամանակակից ջերմոցի կառուցման համար, որտեղ կաճեցվեն վարդեր՝ իրականացնելով շուրջ 1․6 մլրդ դրամի ներդրում հումքի ու սարքավորումների ձեռքբերման, 400 մլն դրամի ներդրում՝ շինարարական աշխատանքների իրականացման համար։ Ներկայումս առկա է 28 աշխատատեղ՝ 260 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2027 թ. նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 39-ի՝ 260 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1․6 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 83 մլն դրամ։
«Արփիմեդ» ՍՊԸ ներմուծվող սարքավորումները նախատեսվում է օգտագործել դեղերի արտադրության համար նախատեսված արտադրական տարածքների կառուցման համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել ընդհանուր շուրջ 1․5 մլրդ դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման և շինարարական աշխատանքների իրականացման համար։ Ներկայումս առկա է 178 աշխատատեղ՝ 233 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2027 թ. նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 180-ի՝ 257 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 556․5 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 27․8 մլն դրամ։
«Գռանդ Ռոզ ԱՀ» ՍՊԸ ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսում է Կոտայքի մարզի Ալափարս 2հ գյուղում կառուցել ջերմոցային համալիր 21676,5 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, որը համալրված է լինելու առաջատար տեխնոլոգիաներով և սարքավորումներով։ Նախապատրաստական աշխատանքները սկսվել են 2026թ.-ի մայիս ամսից: Ընկերությունը հավակնում է զբաղեցնել առաջատար դիրքեր արտերկրյա ծաղկի շուկաներում։ Վերջինս արտադրելու է տարբեր, բարձր բերքատվություն ապահովող տեսակների վարդեր և դրա հիմնական մասը՝ 97 տոկոսը, վաճառվելու է ԵՄ կամ ԵԱՏՄ անդամ պետություններում, իսկ մնացած 3 տոկոսը՝ անմիջապես ՀՀ առաջատար առևտրային մանրածախ ցանցերին։ Ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 839․8 մլն դրամի ներդրում ջերմոցի և հումքի ձեռքբերման համար։ Նախատեսվում է մինչև 2027 թվականը ընկած ժամանակահատվածում, ստեղծել 23 նոր աշխատատեղ՝ 170 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 839․8 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 41․9 մլն դրամ։
«Փրայմ ռոզ ՀԱ» ՍՊԸ ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսում է Կոտայքի մարզի Ալափարս 1հ գյուղում կառուցել գեր ժամանակակից ջերմոցային համալիր 21676,5 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, որը համալրված է լինելու առաջատար տեխնոլոգիաներով և սարքավորումներով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 842․8 մլն դրամի ներդրում ջերմոցի և հումքի ձեռքբերման համար։ Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 42 մլն դրամ։
Դիտումների քանակ4