Իրաքում հինգշաբթի ժամանակավորապես դադարեցվել է հում նավթի բեռնումը երկրի բոլոր նավթային տերմինալներում այն բանից հետո, երբ անօդաչու թռչող սարքը բախվել է Բասրայում գտնվող նավթատար տանկերին։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Գործակալության տվյալներով՝ նախնական տեղեկությունների համաձայն, անօդաչուի հարվածը վնասներ չի հասցրել և հրդեհ չի առաջացրել։
Որպես անվտանգության միջոց՝ նավթատարը դուրս է բերվել նավահանգստի տարածքից և տեղափոխվել մեկ այլ տանկերի մոտ, որը խարիսխ էր գցել բաց ծովում։
Reuters-ը նշում է, որ Իրաքի հիմնական նավթային տերմինալները գտնվում են երկրի հարավում, և դրանց միջոցով իրականացվում է երկրի նավթի արտահանման զգալի մասը։
Այս պահին հայտնի չէ, թե ով է արձակել անօդաչու թռչող սարքը, իսկ միջադեպի հանգամանքները շարունակում են ուսումնասիրվել։