Շիրակում շան հաչոցի համար սկսված ծեծկռտուքի գործով 4 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 

Հասարակություն

16.07.2026 | 16:06

Հուլիսի 12-ին Գյումրիում շան հաչոցի համար շան տիրոջ և այլ քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել, որը վերածվել է ծեծկռտուքի։ Դեպքի առթիվ Քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել։

Նշենք, որ հուլիսի 12-ին ժամը 21։10-ի սահմաններում  ՆԳՆ Ոստիկանությունը Գյումրի քաղաքի Պարույր Սևակ փողոցում տեղի ունեցող ծեծկռտուքի վերաբերյալ ահազանգ է ստացել։ Դեպքի վայր մեկնած իրավապահները խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել և Ոստիկանության  բաժին են տեղափոխել հինգ անձի։ Նրանցից հաղորդումներ են ընդունել։

Պարզվել է՝ քաղաքացիներից մեկը շան հետ եղել է նշված վայրում, երբ մեկ այլ քաղաքացի դժգոհություն է հայտնել շան հաչելու վերաբերյալ։ Այնուհետև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի։ Դրան մասնակից է դարձել ևս երեք անձ։

Քննչական կոմիտեից հայտնում են․ «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանություն և ֆիզիկական ներգործություն կատարելու հոդվածներով: 

1 անձի վերաբերյալ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան, 3-ի վերաբերյալ կիրառվել է բացակայելու արգելք»։

Մեզ հայտնի է նաև, որ դատարանը մերժել է կալանքի միջնորդությունը և վարչական հսկողություն սահմանել կալանքի քննության համար դատարան տարված մեղադրյալի նկատմամբ։

 

Արաքս Մամուլյան

Leave a comment