Լավ լուր․ քարտից քարտ փոխանցումներում, առցանց քարտային գնումներում և վճարումներում փոփոխություններ կլինեն

Ֆինանսական զեղծարարության ռիսկերը նվազեցնելու համար հանրապետությունում հուլիսի 1-ից հասանելի է «Stop» գործիքը։ Յուրաքանչյուր բանկ կամ ֆինանսական կազմակերպություն իր բջջային հավելվածում պետք է ունենա այս գործիքը, որը հնարավորություն է տալիս շահառուին արգելափակել ֆինանսական գործարքների հնարավորությունները։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների զորակցման կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանը։

 

MediaHub-ը փորձեց հետաքրքրվել Կենտրոնական բանկից, թե ի՞նչ փոփոխություններ են եղել, և ո՞րն է «Stop» գործիքը։

 

«Սպառողները հնարավորություն կունենան իրենց նախաձեռնությամբ մեկ հպումով արգելափակելու առցանց եղանակով իրականացվող ֆինանսական գործառնությունները՝ մոբայլ բանկինգով և կազմակերպության կայքով։ Օրինակ՝ հնարավոր կլինի մոբայլ բանկինգով արգելափակել առցանց վարկի ձևակերպումը, ավանդից կամ խնայողական հաշվից առցանց ելքագրումները, ինչպես նաև այլ առցանց գործառնություններ։ Ապաարգելափակումը կիրականացվի բացառապես սպառողի նույնականացումից և ինքնության ստուգումից հետո։ Գործիքը հնարավորություն կտա սպառողներին ավելի լավ կառավարել իրենց անունից իրականացվող ֆինանսական գործառնությունները և լինել ավելի պաշտպանված զեղծարարության դեպքերից»,- այս մասին MediaHub-ին հայտնեցին ԿԲ-ից։

 

Կառույցից հավելեցին, որ մինչ ֆինանսական կազմակերպությունների կողմից գործիքի գործարկումը Կենտրոնական բանկը լրացուցիչ կտեղեկացնի և կհիշեցնի սպառողներին դրա կիրառման կարգի և հնարավորությունների վերաբերյալ։

 

Նշենք, որ կարգավորման մանրամասները սահմանված են «Սպառողի կողմից ֆինանսական ծառայությունների ինքնասահմանափակման գործիքների ներդրման նվազագույն պահանջները» Կանոնակարգ 8/09-ում։

 

Հուլիսի 1-ից հետո գործիքի առկայությունը պարտադիր է բանկերի, օտարերկրյա բանկի մասնաճյուղերի, վարկային կազմակերպությունների, դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների համար, որոնք մատուցում են ֆինանսական ծառայություններ հեռավար եղանակով:

Բացի այդ, ԿԲ խորհրդի որոշմամբ հաստատված կանոնակարգի համաձայն՝ ՀՀ բոլոր բանկերում պետք է ներդրվեն առցանց ֆինանսական ծառայություններ արգելափակող գործիքներ: Այն բանկերում, որտեղ դեռ ամբողջությամբ ներդրված չէ այդ գործիքը, սպառողների իրավունքների իրացումն ապահովելու նպատակով դիմումները սպասարկվում են հասանելի այլընտրանքային գործիքակազմի միջոցով՝ մինչև նախատեսված տեխնիկական լուծումների վերջնական ապահովումը:

«Ստոպ» գործիքի կիրառումը կանոնակարգով սահմանված է որպես սպառողի իրավունք: Գործող կարգավորումների համաձայն՝ ֆինանսական կազմակերպությունները պարտավոր են սպառողին տրամադրել արգելափակման առնվազն երեք եղանակ՝ հեռախոսազանգի, ծրագրային հավելվածի և մասնաճյուղ այցելելու միջոցով։ Ընդ որում, ցանկացած եղանակով գործիքի ակտիվացումը պետք է իրականացվի բացառապես սպառողի կամարտահայտման հիման վրա՝ տվյալ բանկի սահմանված ընթացակարգերին համահունչ։

 

Կենտրոնական բանկը, իր իրավասությունների շրջանակում, հետևում է, որ ներդրվող գործիքները համապատասխանեն կանոնակարգի պահանջներին, սպառողների համար լինեն հասանելի և ապահով: Նշենք, որ անցումային այս փուլում գործադրվում են բոլոր անհրաժեշտ քայլերը, որ սպառողների դիմումներն ու հարցումները սպասարկվեն անխափան և պատշաճ կերպով՝ երաշխավորելով «Ստոպ» գործիքի հասանելիությունը:

Մարիաննա Արամյան

Leave a comment