Ռուսաստանը հույս ունի, որ Բաքուն և Երևանը կհամաձայնեցնեն «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի անդամ երկրների արտգործնախարարների հաջորդ հանդիպումների հերթականությունը։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ հունիսի 5-ին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում անցկացված «3+3» ձևաչափի առաջին փորձագիտական հանդիպման մասնակիցները հանդես են եկել նախաձեռնությամբ՝ կենտրոնանալ կոնկրետ, փոխշահավետ տնտեսական ծրագրերի վրա՝ զերծ պահելով գործընթացը քաղաքականացումից։ Զախարովան ընդգծել է, որ Մոսկվան ամբողջությամբ կիսում է այդ մոտեցումը։
«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Այվազյանի կարծիքով՝ շատ պարզ է, թե ինչու է Ռուսաստանը աջակցում այդ ծրագրի իրականացմանը։ «Այդ ձևաչափն իրատեսական է այնքանով, որ այն գոյություն ունի։ Ճիշտ է, միգուցե շատ չի զարգացել, բայց կա։ Իսկ Ռուսաստանը, պարզ է, թե ինչու է աջակցում «3+3»-ին․ այդ պրոցեսում ինքը կա, բայց չկա Արևմուտքը, ու Ռուսաստանի համար ավելի հեշտ է գործընթացները վերահսկողության տակ պահել, որպեսզի տարածաշրջանը չապակայունանա»,- ասաց Այվազյանը։
Այն հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանը դեռ բավարար ազդեցություն ունի այս ձևաչափն առաջնորդելու համար, թե՞ նախաձեռնությունն աստիճանաբար անցնում է Թուրքիայի կամ Ադրբեջանի ձեռքը, Այվազյանը պարզաբանեց․ «Պայքար է գնում, և Ռուսաստանը հասկանում է, որ Արևմուտքի ներկայությունը տարածաշրջանում ընդունելի չէ։ Դա նշանակում է, որ ապագայում՝ ուկրաինական հակամարտության ավարտից հետո, Ռուսաստանն իր պայմաններով առաջ է տանելու այդ ձևաչափը։ «3+3»-ի միջոցով Ռուսաստանը կկարողանա հավասարակշռել, օրինակ, Թուրքիայի ախորժակը»։
«Եթե Արևմուտքն է միջնորդն ու միջամտողը, նա Թուրքիային գերակայություն է տալիս։ Թուրքիան սպասում է, որ եթե Ռուսաստանը թուլանա, ապա ինքը Հարավային Կովկասն իրենով կանի։ Բայց եթե Ռուսաստանն իր դիրքերն ամրապնդեց, դա կնշանակի, որ առանց նրա կարծիքը հարցնելու տարածաշրջանում ոչ մի բան տեղի չի ունենալու»,– նշեց նա։
Հայկ Այվազյանը նաև պարզաբանում է, թե երբ և արդյո՞ք այս ձևաչափը կարող է նպաստել երկարաժամկետ կայունությանը, թե՞ կմնա լոկ խորհրդակցական հարթակ՝ առանց գործնական ազդեցությանթ ««3+3» ձևաչափը չի կարող կայանալ, եթե Ռուսաստան-ԱՄՆ ռազմավարական պայմանավորվածությունը չկայանա։ Պետք է պայմանավորվեն, որ միմյանց կարմիր գծերը չեն հատելու, և ԱՄՆ-ն հարգելու է Ռուսաստանի կարմիր գծերը։ Այս պահին ձևաչափը խորհրդակցական է, բայց ընթացքում կարող են ստեղծվել համագործակցության տարբեր ֆորմատներ։ Մինչև հիմա մենք գիտենք, որ բոլոր ինստիտուտները Արևմուտքն է կառավարում, բայց բազմաբևեռ աշխարհում այդպես չի լինելու։ Ռուսաստանը, այս ազդեցությունը ստանալուց հետո, սկսելու է տարբեր մարմիններով ու կազմակերպություններով հետևել այդ կարգ ու կանոնին և համագործակցության դաշտ ստեղծել տարբեր երկրների միջև»,- ասաց Այվազյանը։
Փորձագետի գնահատմամբ՝ Հայաստանի համար առավել շահավետ կլիներ Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցության խորացումը՝ դրա դիմաց քաղաքական և անվտանգային ոլորտներում ստանալով կոնկրետ շահեր։ Նրա խոսքով՝ առանց այդ դաշնակցային հարաբերությունների Հայաստանը կորցնում է իր աշխարհաքաղաքական կայունությունը։
«Հայաստանը կարող էր շահել, եթե Ռուսաստանի հետ համագործակցելով՝ նրա համար ապահովեր ռազմավարական խորություն դեպի մեր տարածաշրջան, որպեսզի Ռուսաստանն այստեղ ամրապնդեր իր դիրքերը, ու դրա դիմաց մենք համապատասխան գին ուզեինք Մոսկվայից։ Այ դա կլիներ Հայաստանի համար շահեկան։ Տարածաշրջանում մենք այլընտրանք չունենք, քան Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններ կառուցելը։ Եթե մենք դրանից հրաժարվում ենք, ուրեմն մենք, որպես այդպիսին, դադարում ենք հետաքրքիր լինել որևէ մեկի համար»,– հավելեց Այվազյանը։
Փորձագետի կարծիքով՝ այս ձևաչափը կդառնա իրատեսական և վերջնականապես կկայանա, երբ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը հանգեն ռազմավարական պայմանավորվածության։ Ըստ նրա՝ դա տեղի կունենա այն ժամանակ, երբ Ռուսաստանում իշխանության գլուխ կանգնած զինվորականներն ու Պուտինն ավելի կոշտ դիրքերից խոսեն ԱՄՆ-ի հետ, ինչի արդյունքում Վաշինգտոնը կհամաձայնի հարգել Մոսկվայի կարմիր գծերը։
Ալիտա Եղիազարյան