Թրամփը հայտնել է, որ Իրանն ազատ է արձակել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն

Քաղաքականություն

16.07.2026 | 12:00

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանն ազատ է արձակել մի ամերիկուհու, որը, նրա խոսքով, անօրինական կերպով ձերբակալված էր այդ երկրում 2024 թվականի դեկտեմբերից, գրում է CNN-ը։

«Նա այժմ անվտանգ կերպով Իրանից դուրս է և լավ վիճակում է։ Ամերիկայի Միացյալ Նահանգները գնահատում է Իրանի կողմից բարի կամքի այս ժեստը»,- գրել է Թրամփը Truth Social-ում։

Նա չի նշել անձի ինքնությունը կամ լրացուցիչ մանրամասներ չի տրամադրել նրա ազատ արձակման հանգամանքների մասին։ Սակայն փաստաբանը հետագայում նրան նույնականացրել է որպես Դենա Կարարի։

Կարարիին ձերբակալել էին, մեղադրանք առաջադրել և գրավի դիմաց ազատ արձակել, սակայն արգելել լքել Իրանը, CNN-ին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը։

Կարարիի փաստաբան Ջարեդ Գենսերը CNN-ին ասել է, որ Կարարին ենթարկվել է «ելքի հարկադիր արգելքի» և թիրախավորվել, քանի որ ղեկավարել է «Children of Mehr Foundation» անունով ոչ առևտրային կազմակերպություն, որն օգնում էր Իրանում աղքատ երեխաներին մասնավոր դոնորների աջակցությամբ և OFAC լիցենզիայի թույլտվությամբ»։ Գենսերն ասել է, որ թեև Կարարին երբեք ֆիզիկապես չի ձերբակալվել, սակայն տասնյակ անգամներ հարցաքննվել է Իրանի իշխանությունների կողմից և բախվել տարբեր դժվարությունների։

Փաստաբանը նաև սոցիալական ցանցերում գրառման մեջ նշել է, որ «ուրախ և հուզված է հայտնելու, որ իր հաճախորդը՝ ԱՄՆ քաղաքացի Դենա Կարարին, որը 2024 թվականի դեկտեմբերից կեղծ մեղադրանքներով փակված էր Իրանում, այժմ ազատության մեջ է»։ Փաստաբանը շնորհակալություն է հայտնել Թրամփին և ասել, որ իր պաշտպանյալն «այժմ անվտանգ է և վերադառնում է Միացյալ Նահանգներ»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment