Ամերիկյան բանակը հուլիսի 16-ին հարվածների երկու շարք է իրականացրել Իրանի դեմ, հայտնում է Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM), գրում է DW-ի ռուսական ծառայությունը։
Առաջին ալիքի ընթացքում ԱՄՆ ռազմաօդային ուժերը հարվածել են Հորմուզի նեղուցի ափին գտնվող Սիրիկ նավահանգստի տարածքում գտնվող թիրախներին: Բացի այդ, երեք օդային հարձակում է իրականացվել Բանդար Աբբաս նավահանգստի վրա, հաղորդում է իրանական Mehr գործակալությունը։ Քեշմ կղզու տարածքում էլ ամերիկյան հարվածի հետևանքով մասամբ գործարան է վնասվել։
Իրանական լրատվականների տվյալներով՝ հարվածներ են հասցվել Խուզեստան նահանգի Ահվազ քաղաքում գտնվող թիրախներին։ Պայթյուններ են լսվել նաև Ռասակ քաղաքում ու Սիստան և Բելուջիստան նահանգների Քենարակ նավահանգստում։
Երկրորդ ալիքի ընթացքում, ըստ CENTCOM-ի, ԱՄՆ ուժերը հարվածել են իրանական հրամանատարական կետերին, հակաօդային պաշտպանության օբյեկտներին, հրթիռային և անօդաչու թռչող սարքերին, ինչպես նաև ափամերձ հսկողության օբյեկտներին՝ առևտրային նավերի վրա աշխատող նավաստիներին սպառնալու Իրանի կարողությունն ավելի նվազեցնելու համար։ Քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին հաղորդումներ չկան։
Բացի այդ, ԱՄՆ ուժերը հարվածել են Պարսից ծոցի իրանական նավահանգիստ մտնելու փորձ կատարող դատարկ նավթային լցանավի։ Ըստ CENTCOM-ի՝ M/T Belma առևտրային նավը նավարկում էր Կյուրասաոյի դրոշի ներքո՝ ուղղվելով դեպի Խարգ կղզի։ Այն բանից հետո, երբ նավն անտեսել է նախազգուշացումները, ԱՄՆ ռազմական ինքնաթիռը շարքից հանել է նավը՝ Hellfire հրթիռներ արձակելով նրա ծխնելույզի վրա։
Հուլիսի 14-ին ԱՄՆ-ը վերականգնել է Իրանի նավահանգիստներ կամ այնտեղից մեկնող նավերի ռազմածովային շրջափակումը։ Հրամանատարությունը հայտնել է, որ սահմանափակումների առաջին 24 ժամվա ընթացքում CENTCOM-ը շեղել է երկու առևտրային նավի ուղղությունը և ուժ կիրառել մեկ նավի դեմ։
Ի պատասխան՝ Իրանը հարձակվել է Բահրեյնում և Քուվեյթում տեղակայված ամերիկյան բազաների վրա։ Ըստ իրանական IRIB լրատվական գործակալության՝ Բահրեյնում գտնվող ԱՄՆ ռազմածովային ուժերի հինգերորդ նավատորմի կենտրոնակայանում լսվել է առնվազն 10 պայթյուն։ Ըստ Mehr-ի՝ պայթյուններ են լսվել նաև Քուվեյթի ամերիկյան բազայում։ ԱՄՆ բազաների վրա հարձակումներին ի պատասխան՝ Սաուդյան Արաբիան և Հորդանանը մասամբ փակել են իրենց օդային տարածքը։
Իրանական լրատվականները նաև հաղորդել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից ամերիկյան MQ9 անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին։ Բացի այդ՝ Իրանի բանակը հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքերով հարվածել է Հորդանանում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին՝ կապի համակարգերին և վառելիքի պահեստավորման օբյեկտներին։
Միաժամանակ, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ կապված իրավիճակը դժվար է լինելու, բայց կարծում է, որ գործընթացը ճիշտ ուղղությամբ է շարժվում։
«Ես չգիտեմ, թե ուր է տանում այս ամենը, բայց կարծում եմ, որ մենք ճիշտ ուղղությամբ ենք շարժվում։ Դա պարզապես շատ դժվար գործընթաց է լինելու՝ բազմաթիվ դադարներով և վերսկսումներով»,- ասել է Վենսը The Joe Rogan Experience փոդքասթի ժամանակ։
ԱՄՆ փոխնախագահի խոսքով՝ Վաշինգտոնը ներկայում օգտագործում է տնտեսական ճնշում, միաժամանակ, բանակցություններ է վարում Իրանի ավելի պրագմատիկ ղեկավարության հետ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի