Քաղաքականություն
16.07.2026 | 10:24
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը ԱՄՆ Գյուղատնտեսության քարտուղարությունում հանդիպել է Արտաքին գյուղատնտեսական ծառայության ղեկավար Դանիել Ուիթլիի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության ընդլայնման, հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունների, ինչպես նաև երկու երկրների մասնավոր ընկերությունների միջև գործարար կապերի զարգացման հարցերը։
«Դեսպան Նարեկ Մկրտչյանն ԱՄՆ Գյուղատնտեսության քարտուղարությունում հանդիպում է ունեցել Արտաքին գյուղատնտեսական ծառայության ղեկավար Դանիել Ուիթլիի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Դիտարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները՝ անդրադառնալով շուկա մուտքի ընթացակարգերին, գործող կարգավորումներին, ինչպես նաև արտահանման խթանման նախադրյալներին։
Քննարկվել են նաև երկու երկրների ոլորտային մասնավոր ընկերությունների միջև գործարար կապերի հաստատման և փոխշահավետ համագործակցության զարգացման հեռանկարները»,- ասված է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունում։
Նշենք, որ ՀՀ կառավարությունը հայտարարել է՝ արտահանման աշխարհագրության դիվերսիֆիկացումը ՀՀ տնտեսական քաղաքականության առաջնահերթություններից է։ Այդ շրջանակում իրականացվում են աշխատանքներ՝ հայկական գյուղմթերքի համար նոր շուկաներ բացելու, արտահանման ընթացակարգերը պարզեցնելու և միջազգային չափանիշներին համապատասխան արտադրությունը խթանելու ուղղությամբ՝ նվազեցնելով կախվածությունը ավանդական ուղղություններից և ընդլայնելով մուտքը դեպի ԱՄՆ, ԵՄ և Մերձավոր Արևելքի շուկաներ։