Թրամփը քննարկում է Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնման ծայրահեղ տարբերակները․ WSJ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջին օրերին քննարկում է Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնման հնարավորությունը՝ ներառյալ ցամաքային զորքերի կիրառումը և միջուկային ենթակառուցվածքների դեմ հարվածների իրականացումը։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Պարբերականի տվյալներով՝ Թրամփը հակված է ուժեղացնելու ԱՄՆ ռազմական ներգրավվածությունը Իրանում, սակայն վերջնական որոշում դեռևս չի կայացրել։

Երեքշաբթի ԱՄՆ նախագահը Սպիտակ տան Ճգնաժամային իրավիճակների սենյակում (Situation Room) խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում քննարկվել են Իրանի հետ լարվածության հետագա սրման մի քանի տարբերակներ։

Քննարկված հիմնական սցենարներից մեկը նախատեսում է ամերիկյան ուժերի կողմից Խարգ կղզու վերահսկողության հաստատումը։ Կղզին համարվում է Իրանի նավթի արտահանման գլխավոր հանգույցներից մեկը և ունի ռազմավարական նշանակություն երկրի էներգետիկ եկամուտների համար։

Մյուս տարբերակը վերաբերում է Պիկաքս լեռան շրջանում գտնվող խորապես ամրացված ստորգետնյա համալիրին։ Ըստ WSJ-ի՝ այդ օբյեկտը կապված է Իրանի միջուկային գործունեության հետ և մինչ այժմ չի ենթարկվել ԱՄՆ հարվածների։ Համալիրը գտնվում է գրանիտային շերտերում՝ մոտ 90–145 մետր խորության վրա, ինչը կարող է դժվարացնել դրա ոչնչացումը նույնիսկ ամրացված թիրախների համար նախատեսված ամերիկյան զինամթերքով։

Քննարկվել է նաև Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների դեմ ավիահարվածների ընդլայնման տարբերակը։

The Wall Street Journal-ը նշում է, որ ԱՄՆ նախագահի քննարկած տարբերակները ներառում են ինչպես սահմանափակ ռազմական գործողությունների ընդլայնում, այնպես էլ ավելի լայնածավալ միջամտության հնարավորություններ։

Միաժամանակ, ըստ հրապարակման, Դոնալդ Թրամփը դեռևս վերջնական որոշում չի ընդունել, և քննարկվող սցենարներից որևէ մեկը պարտադիր չէ, որ իրականացվի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment