Հուլիսի 14-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումի նախարարական հատվածում` «Փոխակերպող, արդար, նորարարական և համակարգված գործողություններ՝ միտված Կայուն զարգացման 2030 օրակարգի և դրա կայուն զարգացման նպատակների իրագործմանը՝ հանուն բոլորի համար կայուն ապագայի» խորագրի ներքո, հայտնում են ԱԳ նախարարությունից։
Իր ելույթում Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է, որ կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է։ Այս համատեքստում ներկայացրել է Հայաստան-ՄԱԿ 2026-2030թթ. Կայուն զարգացման համագործակցության շրջանակի առաջնահերթությունները, որոնք համահունչ են Կայուն զարգացման 2030 օրակարգին և միտված են դրա իրականացմանը։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է տարածաշրջանային վերջին զարգացումներին՝ ընդգծելով խաղաղության, փոխկապակցվածության ու դիմակայուն ենթակառուցվածքների կարևորությունը կայուն զարգացման ապահովման համար: Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է «ԹՐԻՓՓ» ծրագիրը և դրա վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի ստորագրումը՝ որպես տարածաշրջանային փոխկապակցվածության, առևտրի և ներդրումների խթանման ու խաղաղության, կայունության և բարգավաճման ապահովման կարևոր գործոն։
Անդրադարձ է կատարվել նաև այս տարի Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին, այդ թվում՝ դրա շրջանակներում նախատեսվող Առաջնորդների գագաթնաժողովին և նախարարական հատվածին՝ ընդգծելով բարձրագույն մակարդակով մասնակցության ապահովման կարևորությունը։
Ամփոփելով՝ Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը բոլոր գործընկերների հետ համագործակցության միջոցով առաջ մղելու խաղաղությունը, դիմակայունությունը և կայուն բարօրությունը՝ հանուն ներկա և ապագա սերունդների։
Դիտումների քանակ5