ՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ անդրադարձել է Երևանում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 6-րդ գլոբալ ֆորումի անցկացմանը


Հուլիսի 14-ին Նյու Յորքում՝ Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական Չալոկա Բեյանիի հետ։


Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է Հայաստանի և ՄԱԿ-ի Ցեղասպանության կանխարգելման և պաշտպանելու պատասխանատվության գրասենյակի միջև ձևավորված սերտ համագործակցությունը։ Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել առավել ընդլայնելու փոխգործակցությունն ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։


Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Չալոկա Բեյանին քննարկել են «ՄԱԿ80» բարեփոխումների գործընթացը` ընդգծելով  կանխարգելման օրակարգի ամրապնդման կարևորությունը: ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը շարունակելու ակտիվ ներգրավվածությունը ցեղասպանությունների կանխարգելման հարցերում` նպաստելով վաղ նախազգուշացման և կանխարգելիչ գործողությունների գործիքակազմի ամրապնդմանը։


ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը զրուցակցին ներկայացրել է բազմակողմ հարթակներում Հայաստանի կողմից գործադրվող ջանքերը, այդ թվում՝ երկու տարին մեկ պարբերականությամբ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի շրջանակներում ներկայացվող «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը: 


Անդրադարձ է կատարվել նաև այս տարի Երևանում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 6-րդ գլոբալ ֆորումի անցկացմանը։

Դիտումների քանակ4

Leave a comment