Ուկրաինան հայտնել է Սև ծովում առնվազն 20 ռուսական նավի վրա հարձակման մասին

Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու համակարգերի ուժերի հրամանատար Ռոբերտ «Մադյար» Բրովդին հայտնել է հուլիսի լույս 15-ի գիշերը Սև ծովում 20 նավերի վրա հարձակման մասին: Վերջին տասը օրերի ընթացքում նրա ստորաբաժանման հարձակումները հիմնականում կենտրոնացել են Ազովի ծովի վրա, որտեղ վնասվել է հարյուրից ավելի ռուսական նավ, գրում է The Insider-ը։

Հարձակման թիրախում են հայտնվել 17 նավթային լցանավ, երկու գազային լցանավ և մեկ քարշակ։ Բրովդին սովորաբար հրապարակում է հարվածների տեսահաստատումը, բայց այս անգամ նա խոստացել է պաշտոնական զեկույցը տեսանյութով հրապարակել ավելի ուշ։

Ուկրաինական Supernova+ մոնիթորինգային ալիքը հրապարակում է ափամերձ տեսախցիկներից ստացված տեսանյութը։ Կադրերում երևում են լույսի շողեր բաց ծովում։

«Մենք կարող ենք հաստատել, որ հարված է հասցվել առնվազն 7 լցանավի, և ոչ միայն»,- գրում են հեղինակները։

Բրովդին այս գործողությունն անվանում է «МоЛоЧКа»՝ «МОсква Ляже Через Крим» (Մոսկվան կընկնի Ղրիմով)։

Իր տելեգրամ ալիքում նա նաև արձագանքել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի կողմից ծովահենության մեղադրանքներին: Նախորդ օրը Լավրովը մամուլի ասուլիսում Կիևին մեղադրել էր ահաբեկչության մեջ։

«Ուկրաինական ռեժիմի արածը նույնիսկ ծովահենություն չէ: Ծովահեններն առնվազն թալանում են և իրենց վերցնում: Բայց այստեղ՝ ո՛չ իրենց, ո՛չ մարդկանց։ Միայն վնաս հասցնել, վախեցնել: Մաքուր ահաբեկչություն, որը դրսևորվում է ոչ միայն Ազովի ծովում, այլև Սև ծովում և Աֆրիկյան մայրցամաքում»,- ասել էր նա։

Ի պատասխան՝ Բրովդին գրել է. «Ոչ մի ծովահենություն, Լավրով, միայն բիզնես: Ձերը, արյունոտ»:

Վերջին տասը օրվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու համակարգերի ուժերը հայտնել են Ազովի ծովում ընդհանուր առմամբ 116 նավերի վրա հարձակումների մասին: Տարածքում հարձակումների հաճախականության աճի ֆոնին՝ Ռուսաստանի իշխանությունները ժամանակավորապես դադարեցրել են նավագնացությունը Ազով-Դոն ջրանցքով, որը կապում է Դոն գետը Ազովի ծովի հետ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment