ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած՝ Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի համար 20% վճարը կարող է հակառակ արդյունքն ունենալ՝ ավելի նվազեցնելով առանց այդ էլ կրճատվող նավային երթևեկությունը։ Այդ մասին հայտնում է CNBC-ն՝ հղում անելով ոլորտի ներկայացուցիչներին։
Թրամփը առաջարկել է, որ Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերը վճարեն ԱՄՆ-ին՝ անվտանգ անցման երաշխիքների դիմաց՝ հրաժարվելով նախկին մոտեցումից, որի համաձայն նեղուցը համարվում էր անվճար միջազգային ջրային ուղի։
Գերմանական Hapag-Lloyd նավագնացական ընկերությունը հայտարարել է, որ միջազգային ջրերով անցնելու համար վճար սահմանելը «սկզբունքորեն սխալ է»՝ ընդգծելով, որ ի տարբերություն Սուեզի կամ Պանամայի ջրանցքների, Հորմուզի նեղուցում նման ենթակառուցվածքային ներդրումներ չեն իրականացվել։
BIMCO-ի (Baltic and International Maritime Council) գնահատմամբ՝ նոր վճարը կարող է լուրջ ֆինանսական բեռ դառնալ ոլորտի համար։ Կազմակերպության հաշվարկներով՝ VLCC դասի նավթատարի մեկ երթուղու լրացուցիչ ծախսը կարող է հասնել մոտ 27 մլն դոլարի՝ հաշվի առնելով բեռի արժեքի 20%-ի չափով առաջարկվող վճարը։
ECSA-ն (European Community Shipowners’ Associations) ընդգծել է, որ առաջնահերթությունը պետք է լինի նավաստիների անվտանգությունն ու Հորմուզի նեղուցով ազատ և անվտանգ նավարկության վերականգնումը՝ նշելով, որ միջազգային ծովային իրավունքը չի նախատեսում նեղուցով անցնող նավերից վճարների գանձում։
Միաժամանակ, Kpler-ի տվյալներով, Հորմուզի նեղուցով նավերի հոսքն արդեն զգալիորեն նվազել է․ կիրակի օրը այնտեղով անցել է ընդամենը 14 նավ, այդ թվում՝ 4 նավթատար, մինչդեռ մեկ շաբաթ առաջ այդ ցուցանիշը կազմել էր 37 նավ։ Ոլորտի ներկայացուցիչների գնահատմամբ՝ նոր վճարի սահմանումը կարող է ավելի խորացնել այդ անկումը։