Հասարակություն
15.07.2026 | 14:22
Գործադիրը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարների չափերը։ Չզեկուցվող նախագիծն ընդգրկված է Կառավարության հուլիսի 16-ի նիստի օրակարգում։
Հիմնավորման համաձայն՝ գործող որոշմամբ սահմանված են ՆԳՆ ոստիկանության զորքերի ծառայողների ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարների չափերը։ Սակայն 2025 թվականի նոյեմբերի 1-ից՝ «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, ոստիկանության զորքերը դադարել են գործել, և ստեղծվել է նոր կառույց՝ Ոստիկանության գվարդիան։
Այս փոփոխությամբ առաջարկվում է որոշման բոլոր դրույթները համապատասխանեցնել նոր օրենսդրությանը՝ «ՀՀ ՆԳՆ ոստիկանության զորքերի ծառայողներ» ձևակերպումը փոխարինելով «ՀՀ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողներ» ձևակերպմամբ։ Բացի այդ, որոշումից կհանվեն այն պաշտոնները, որոնք գվարդիայի կառուցվածքում այլևս նախատեսված չեն, ինչպես նաև կշտկվեն տեխնիկական վրիպակները։
Ներքին գործերի նախարարության նախագծում նշվում է, որ նոր հավելավճարներ կամ դրանց չափերի փոփոխություն չի նախատեսում․ գործող կարգավորումները տարածվում են Ոստիկանության գվարդիայի ծառայողների վրա՝ ապահովելով դրանց համապատասխանությունը գործող օրենսդրությանը։
Նախագծի համաձայն՝ Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարները՝ կախված զբաղեցրած պաշտոնից, զինվորական կոչումից և ստացած գնահատականից, կկազմեն 95 հազարից մինչև 560 հազար դրամ։
Մասնավորապես՝
- Գնդապետների համար «գերազանց» գնահատականի դեպքում հավելավճարը կկազմի 560 հազար դրամ, «լավ» գնահատականի դեպքում՝ 420 հազար դրամ, իսկ «բավարար» գնահատականի դեպքում՝ 280 հազար դրամ։
- Փոխգնդապետների համար առավելագույն հավելավճարը կկազմի 380 հազար դրամ։
- Մայորների համար՝ 350 հազար դրամ։
- Կապիտանների համար՝ 280 հազար դրամ։
- Ավագ լեյտենանտների և լեյտենանտների համար՝ 250 հազար դրամ։
- Ավագ ենթասպաների համար՝ 220 հազար դրամ։
- Ենթասպաների, ավագների, ավագ սերժանտների և սերժանտների համար առավելագույն հավելավճարը կկազմի 190 հազար դրամ։
Արփի Հակոբյան