Եթե մեզ այսօր պատասխան չտվեցին, կտրուկ քայլերի ենք գնալու. բողոքի ակցիա՝ «Մուլտի Սթոուն»-ի դիմաց

Եթե մեզ այսօր պատասխան չտվեցին, կտրուկ քայլերի ենք գնալու. բողոքի ակցիա՝ «Մուլտի Սթոուն»-ի դիմաց

«Մուլտի Սթոուն»-ի աշխատակիցներն այսօր կրկին դուրս են եկել բողոքի ակցիայի, նրանք պահանջում են բացել իրենց կապարակնքված աշխատավայրը և վերականգնել աշխատելու իրավունքը:

«Արդեն 10-րդ օրն է, ինչ գործարանը պարապուրդի է մատնված, ում դիմել ենք՝ ոչ ոք դեռ մինչ այս պահը մեզ պատասխան չի տվել, բոլորով նորից հավաքվել ենք, ուզում ենք հասկանալ, ի վերջո այս Կառավարությունը մեզ պատասխան տալու՞ է, թե ոչ, ուզում ենք ասել, որ պարոն Ծառուկյանը քանդված գործարանները կառուցել է իր գումարով ու աշխատատեղեր է ստեղծել, գործարանների աշխատելու շնորհիվ բյուջե գումար է մտնում:  Ես չգիտեմ, թե աշխատակիցներին ինչ պատասխան տամ, մեր ընտանիքներն էլ են հարցնում, թե ինչ է լինելու սրա վերջը:

Եթե մեզ այսօր պատասխան չտվեցին, կտրուկ քայլերի ենք գնալու: Պետական մարմինները, եթե մեր հարցին լուծում չեն տա, մենք այլևս մեր քայլերին պատասխանատու չենք լինի, համբերության բաժակը լցվել է, էլ չգիտենք ինչ անենք: Ամեն ինչի պատրաստ ենք, որովհետև չգիտենք ինչ անել, եթե մեր երկիրը չի ուզում մեզ աջակցի, մենք էլ ամեն ինչ պետք է անենք, որ մեր ընտանիքները պահենք»,- ասաց աշխատակիցներից մեկը:

Ակցիայի մասնակիցներն ընդգծում են՝ իրենք խաղաղ ակցիա են իրականացնում, ճանապարհ չեն փակում, միակ խնդրանքը գործարանի բացումն է. «Ի՞նչ անենք, կտրուկ քայլերի գնանք, որ հասկանան այս ժողովուրդը մտահոգված է: Պարտադիր պետք է իջնենք Կառավարության շե՞նք, որ մոտենան ու լսեն մեզ: Երկրի ղեկավարը որ եկավ, ճանապարհներ փակելով դարձավ երկրի ղեկավար, եթե այդպես դուր է գալիս, ուրեմն մենք էլ պետք է գնանք փակենք»,- նշում է մյուս աշխատակիցը:

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի սթոուն» գործարանը փակ է: Տարածքը կապարակնքվել է իրավապահ մարմինների կողմից՝ Ծառուկյանի ձերբակալությանը զուգահեռ իրականացված լայնածավալ խուզարկությունների շրջանակում։

Leave a comment