Հայաստանը միացել է ԱՄՆ-ի նախաձեռնած «Trade over Aid» հարթակին

Նախաձեռնությունն ուղղված է միջազգային առևտրի զարգացմանը, մասնավոր ներդրումների ներգրավմանը և գործընկեր երկրների տնտեսական դիմակայունության բարձրացմանը


ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանը միացել է ԱՄՆ-ի Trade over Aid նախաձեռնությանը, որն ուղղված է միջազգային առևտրի զարգացմանը, մասնավոր ներդրումների ներգրավմանը և գործընկեր երկրների տնտեսական դիմակայունության բարձրացմանը։


Այս մասին Նյու Յորքում կայացած միջազգային համաժողովում ունեցած իր ելույթի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը։


Նրա խոսքով՝ նախաձեռնությունը լրացնում է ավանդական զարգացման գործիքները՝ շեշտադրում կատարելով ազգային կարողությունների ամրապնդման, ներդրումների ներգրավման, տնտեսական աճի, ինչպես նաև ազգային պատասխանատվության և դիմակայունության բարձրացման վրա։


Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն, համաժողովում հայկական կողմը՝ որպես ԱՄՆ-ի հետ ռազմավարական տնտեսական համագործակցության օրինակներ, ներկայացրել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարօրության» (TRIPP) նախագիծը, ինչպես նաև արհեստական բանականության ոլորտի նախագծերը։


Ինչպես նշել է Աբիսողոմոնյանը, TRIPP նախագծի հիմնարար սկզբունքներն ամրագրված են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրում։


ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է նաև Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման քաղաքականությունը՝ նշելով, որ այն ենթադրում է հասանելիության ընդլայնում դեպի նոր շուկաներ ու տրանսպորտային երթուղիներ, ինչպես նաև սահմանափակ թվով ոլորտներից կառուցվածքային կախվածության կրճատում։


Միաժամանակ ընդգծվել է, որ Հայաստանը հետևողականորեն անցում է կատարում դեպի գիտելիքահենք և տեխնոլոգիական տնտեսություն՝ խթանելով նորարարությունը, աջակցելով մրցունակ փոքր և միջին ձեռնարկություններին և ներդրումներ կատարելով մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ։


ԱՄՆ վարչակազմի «Trade over Aid» նախաձեռնությունն առաջարկում է տնտեսական զարգացման նոր մոդել, որը համախմբում է ՄԱԿ-ի անդամ պետություններին, մասնավոր հատվածին և ՄԱԿ-ի կառույցներին՝ նպատակ ունենալով ձևավորել բիզնեսի համար բարենպաստ միջավայր և խթանել տնտեսական աճը՝ հիմնված ազատ շուկայի սկզբունքների վրա։ 


Նախաձեռնությունը պաշտոնապես մեկնարկել է 2026 թվականի ապրիլի 27-ին։


 

Leave a comment