ԵԽ Միջազգային առևտրի հանձնաժողովն արագացնում է հայկական ապրանքների մուտքը ԵՄ շուկա

Եվրոպական խորհրդարանի Միջազգային առևտրի հանձնաժողովը հավանություն  տվեց Հայաստանից Եվրամիություն արտահանման շուրջ 80%-ը մաքսատուրքից ազատելու առաջարկին։

Եվրոպական հանձնաժողովի՝ «Հայկական ապրանքների նկատմամբ կիրառվող առևտրի ժամանակավոր ազատականացման միջոցների մասին» օրենսդրական առաջարկը հանձնաժողովում քննարկվեց և ընդունվեց առանց առարկությունների։

Հուլիսի սկզբին Եվրոպական հանձնաժողովը պաշտոնապես առաջարկել էր Եվրոպական խորհրդարանին և Խորհրդին՝ երկու տարով ազատականացնել հայկական ապրանքների զգալի մասի մուտքը ԵՄ շուկա։ Այս կերպ Եվրամիությունը վերահաստատում է Հայաստանի տնտեսությանն աջակցելու իր հանձնառությունը՝ հայկական ապրանքների համար ռուսական շուկայի սահմանափակումներից հետո։

«Այս միջոցները Հայաստանին կտրամադրեն ժամանակավոր սակագնային ազատականացում ապրանքների լայն տեսականու համար, որոնք հիմնականում համահունչ են GSP+ (Արտոնությունների ընդհանրացված համակարգ) ռեժիմին, ինչպես նաև անմաքս սակագնային քվոտաներ՝ որոշակի գյուղատնտեսական ապրանքների համար։ Սա կազատականացնի դեպի ԵՄ հայկական արտահանման գրեթե 80%-ը»,- Միջազգային առևտրի հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Էվա Կրաուզան։

Ի տարբերություն նախկինում գործող GSP+ համակարգի՝ նոր կանոններով վերացվել են սեզոնային սահմանափակումները: Այժմ առանց մաքսատուրքերի և սահմանափակումների կարելի է արտահանել լոլիկ, խնձոր, վարունգ, խաղող, տանձ, ծիրան, կեռաս, դեղձ, սալոր և ելակ։ Որոշ ընկերություններ և ապրանքատեսակներ, սակայն, չեն կարող օգտվել արտոնությունից։

««Արմենալ»-ը՝ Հայաստանում տեղակայված ալյումինե նրբաթիթեղ արտահանող ընկերությունը, որը ռուսական «Ռուսալ»-ի դուստր ձեռնարկությունն է, բացառվել է ծրագրից։ Հետևաբար՝ ալյումինե նրբաթիթեղի ներմուծումը, որը կազմում է Հայաստանից ԵՄ ընդհանուր ներմուծման շուրջ 13%-ը, նույնպես բացառվել է։ Եվ, վերջապես, մենք ունենք որոշակի համակարգային զգայունություններ ձևափոխված օսլայի, ռոմի, էթիլային սպիրտի, քաղցր եգիպտացորենի և շաքարի ածանցյալների նկատմամբ, որոնք նույնպես դուրս են մնացել առաջարկից։ Դրանք միասին կազմում են Հայաստանից կատարվող ներմուծման մոտ 1%-ը»,- ընդգծեց Էվա Կրաուզան։

ԵՄ արտահանվող հայկական ապրանքները պետք է խստորեն համապատասխանեն սննդի անվտանգության և բուսասանիտարական նորմերին։

«Միասնական շուկա մուտք գործող հայկական ապրանքները պետք է ունենան սննդի անվտանգության, սանիտարական և բուսասանիտարական նորմերին, որակի և սպառողների պաշտպանության եվրոպական այն նույն ստանդարտները, որոնք պահանջվում են ԵՄ ներսում վաճառվող ցանկացած այլ արտադրանքի դեպքում։ Այլ կերպ ասած՝ մենք ազատականացնում ենք շուկայի հասանելիությունը, այլ ոչ թե նվազեցնում մեր ստանդարտները»,- ասաց ԵԽ պատգամավոր, Միջազգային առևտրի հանձնաժողովի անդամ Ստեֆան Մուշոյուն։

ՀՀ-ն պարտավորվում է սերտորեն համագործակցել ԵՄ-ի հետ ապրանքների ծագումը ստուգելու հարցում, որպեսզի կանխվի ռուսական ապրանքների մուտքը ԵՄ շուկա Հայաստանի միջոցով։ Կանոնների խախտման կամ խարդախության ռիսկի դեպքում արտոնությունները կարող են կասեցվել։

Կգործի հատուկ աշխատանքային խումբ, որն օգնելու է Հայաստանին հաղթահարել լոգիստիկ խնդիրները և բարելավել որակի ենթակառուցվածքները՝ ԵՄ ստանդարտներին համապատասխանելու նպատակով։

Ըստ Էվա Կրաուզայի՝ Հայաստանին աջակցող այս քայլը բացառիկ է, քանի որ նախկինում նման արտոնություններ տրվել են միայն ԵՄ անդամության թեկնածու երկրներին:

Փոփոխությունների ներկայացման վերջնաժամկետ սահմանվել է հուլիսի 30-ը, հետևաբար, «Հայկական ապրանքների նկատմամբ կիրառվող առևտրի ժամանակավոր ազատականացման միջոցների մասին» օրենսդրական նախագիծը Եվրոպական խորհրդարանի օրակարգում կարող է հայտնվել արդեն սեպտեմբերին։

Կարինե Ասատրյան

Բրյուսել

Leave a comment