Հասարակություն
15.07.2026 | 10:00
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հայտնել է, որ մեկնարկել է Հայաստանի նոր սերնդի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի լայնածավալ տպագրությունը։ Նրա խոսքով՝ վերջին ճշգրտումներն իրականացվել են Նիդեռլանդների Հարլեմ քաղաքում, որից հետո տրվել է փաստաթղթերի լայնածավալ տպագրության մեկնարկը։
«Իմ ձեռքում աշխարհի ամենաանվտանգ փաստաթղթերից մեկն է․ այն մեր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներիս նոր անձնագրի առաջին նմուշն է։ Այժմ Հարլեմում ենք կատարելու վերջին ճշգրտումները և հասցեագրելու նույնիսկ ամենաանշան թվացող հարցերը։
Այսօր տվեցի լայնածավալ տպագրության մեկնարկը։ Ինչպես խոստացել էինք, շատ շուտով՝ այս սաշնանը, մեր քաղաքացիները կկարողանան ձեռք բերել ժամանակակից կենսաչափական սերնդի և՛ անձնագիր, և՛ նույնականացման քարտ»,- տեսանյութում ասում է նախարարը։
Նշենք, որ կենսաչափական անձնագրի ներդրումը նպատակ ունի Հայաստանի անձը հաստատող փաստաթղթերը համապատասխանեցնել միջազգային, մասնավորապես՝ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն (ICAO)-ի չափանիշներին։ Նոր անձնագրերը կպարունակեն էլեկտրոնային կրիչ՝ կենսաչափական տվյալներով, ինչը կնվազեցնի փաստաթղթերի կեղծման ռիսկը, կհեշտացնի և կարագացնի սահմանային հսկողության ընթացակարգերը, ինչպես նաև կբարձրացնի նույնականացման հուսալիությունը։
ՀՀ իշխանությունների գնահատմամբ՝ կենսաչափական համակարգի ներդրումը կարևոր քայլ է նաև Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման գործընթացում և քաղաքացիների միջազգային տեղաշարժի դյուրացման տեսանկյունից։