Քաղաքականություն
14.07.2026 | 19:38
Թուրքական դատարանն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի միջազգային կալանքի օրդեր է տվել՝ նրան ձերբակալելու համար։ Turkiye today-ն գրում է, որ միջանկյալ որոշումը կայացրել է Ստամբուլի 11-րդ ծանր քրեական դատարանը՝ Իսրայելի զինված ուժերի կողմից Գազա ուղևորվող «Սումուդ» նավատորմի խափանման վերաբերյալ ընթացիկ դատավարության շրջանակում։
Դատարանի որոշումը բխում է Նեթանյահուի և մի քանի այլ բարձրաստիճան իսրայելցի պաշտոնյաների դեմ հարուցված լայնածավալ հանրային դատական հայցից: Իսրայելի առաջնորդի դեմ մեղադրանքների համապարփակ ցանկը ներառում է «մարդկության դեմ հանցագործություններ», «ցեղասպանություն», «դիտավորյալ վնասվածք հասցնել» և «տանջանք»: Ավելին, մեղադրական եզրակացությունն իսրայելցի պաշտոնյաներին մեղադրում է «գույքի վնասման», «ծանրացուցիչ կողոպուտի», «տրանսպորտային միջոցների տեղաշարժին խոչընդոտելու», «նավերի առևանգման կամ կալանավորման» և «անհատների ազատությունից զրկելու» մեջ։
2025 թվականի նոյեմբերին Ստամբուլի դատարանը նախնական կալանքի օրդեր էր տվել Նեթանյահուի և տասնյակ այլ պաշտոնյաների համար՝ ի պատասխան ինչպես նավատորմի վրա հարձակման, այնպես էլ «Գազայում ցեղասպանական գործողությունների»։
Դատական գործընթացն առաջ էր շարժվել 2026 թվականի ապրիլին, երբ Ստամբուլի Գլխավոր դատախազությունը վերջնականապես ներկայացրել էր մեղադրական եզրակացությունը՝ պահանջելով Իսրայելի ղեկավարության համար խստացված՝ ցմահ ազատազրկում՝ պնդելով, որ թուրքական դատարաններն իրավասություն ունեն միջազգային ծովային իրավունքի համաձայն։
Նոր կարմիր ծանուցագիրը նշանավորում է դատարանի պաշտոնական քայլը՝ այդ մեղադրանքների միջազգային կիրառմանը հասնելու համար։
«Գլոբալ Սումուդ» նավատորմը միջազգային քաղաքացիական ծովային նախաձեռնություն է։ Կազմակերպված ոչ կառավարական կազմակերպությունների և համաշխարհային ակտիվիստների կողմից՝ շարասյունը նավարկությունը սկսել էր 2025 թվականի վերջին՝ Իսրայելի կողմից Գազայի ծովային շրջափակումը կոտրելու և մարդասիրական օգնություն հասցնելու համար։
2025-ի հոկտեմբերին Իսրայելի ռազմածովային ուժերը միջազգային ջրերում խլել էին նավատորմի նավերը։ Ռազմական միջամտության ընթացքում իսրայելական զորքերն առգրավել էին նավերը և ձերբակալել տարբեր երկրներից հարյուրավոր ակտիվիստների, որոնք կալանքի տակ էին պահվել մինչև արտաքսվելը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի