ԱՄԷ-ում նավթի արդյունահանումը ՕՊԵԿ-ից դուրս գալուց հետո աճել է 80%-ով

ԱՄԷ-ն ՕՊԵԿ-ին հայտնել է, որ երկրում նավթի արդյունահանումը հունիսին աճել է 80%-ով՝ կազմակերպությունից դուրս գալուց հետո։ Այս մասին նշվում է ՕՊԵԿ-ի ամսական զեկույցում, որին ծանոթացել է Bloomberg-ը։

ԱՄԷ-ն հայտնել է, որ հունիսին օրական արդյունահանել է 3.8 միլիոն բարել հում նավթ, ինչը 1.71 միլիոն բարելով գերազանցում է մայիսի ցուցանիշը։

Հունիսյան արդյունահանման տվյալները հավաքագրվել են մինչև ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության վերջին սրումը և մինչև այն հնարավոր ազդեցությունը, որը կարող էր ունենալ Պարսից ծոցի նավթի մատակարարումների վրա։

Անցյալ շաբաթ Միջազգային էներգետիկ գործակալությունը գնահատել էր, որ ԱՄԷ-ում հունիսին նավթի արդյունահանումն աճել է օրական 900 հազար բարելով՝ հասնելով պատմական առավելագույնի՝ 4.1 միլիոն օր/բարել։

Արդյունահանման աճը պայմանավորված է Աբու Դաբիի՝ մայիսի սկզբին ՕՊԵԿ-ից դուրս գալու որոշմամբ, որը հետևել էր կազմակերպության կողմից տարիներ շարունակ կիրառվող արդյունահանման սահմանափակումների նկատմամբ դժգոհությանը։

Միաժամանակ ԱՄԷ-ին հաջողվել է շարունակել բեռնափոխադրումները Հորմուզի նեղուցով՝ չնայած հակամարտության ընթացքում առաջացած խափանումներին։

Նավթի առաջարկի աճը նպաստել է Ասիայի շուկայում ավելցուկի ձևավորմանը, ինչի հետևանքով ՕՊԵԿ-ի առաջատար անդամ Սաուդյան Արաբիան ստիպված է եղել իր նավթի նկատմամբ կիրառել հազվադեպ զեղչեր։

Վիեննայում տեղակայված ՕՊԵԿ-ի քարտուղարության զեկույցը շարունակել է ԱՄԷ-ի արդյունահանման տվյալները ներառել կազմակերպության ընդհանուր արտադրության ծավալներում նույնիսկ այն բանից հետո, երբ Աբու Դաբին հայտարարեց իր դուրս գալու մասին, որն ուժի մեջ է մտել մայիսի 1-ից։ ՕՊԵԿ-ի կանոնադրության համաձայն՝ անդամ-երկրի դուրս գալը պաշտոնապես ուժի մեջ է մտնում միայն հաջորդ օրացուցային տարվա սկզբից։

Սաուդյան Արաբիան, իր հերթին, հայտնել է, որ հունիսին նավթի արդյունահանումն աճել է օրական 561 հազար բարելով՝ հասնելով 7.122 միլիոն օր/բարել ծավալի։ Թագավորությունը նաև հայտնել է, որ շուկա մատակարարված նավթի ծավալը կազմել է օրական 6.637 միլիոն բարել։

Leave a comment