Փաշինյանը՝ Մակրոնին. Հայաստանի և Ֆրանսիայի հարաբերությունները հասել են աննախադեպ մակարդակի

Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները վերջին տարիներին հասել են աննախադեպ մակարդակի, Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հղած շնորհավորական ուղերձում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը


ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները վերջին տարիներին հասել են աննախադեպ մակարդակի, Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հղած շնորհավորական ուղերձում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


«Հուլիսի 14-ն առանձնահատուկ խորհուրդ ունի ոչ միայն Ֆրանսիայի, այլև ազատության, հավասարության և եղբայրության արժեքները կիսող բոլոր ժողովուրդների համար։ Այս օրը լավագույն առիթն է արժևորելու Ֆրանսիայի հարուստ քաղաքական և գաղափարական ժառանգությունը, որի հիմքում ընկած սկզբունքները դարձել են ժամանակակից ժողովրդավարական աշխարհի հիմնասյուներից»,-նշել է Փաշինյանը։


Նրա խոսքով, Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները վերջին տարիներին հասել են աննախադեպ մակարդակի՝ ձեռք բերելով նոր որակ և ռազմավարական բովանդակություն։


«Այսօր Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորված ռազմավարական գործընկերությունը վստահորեն զարգանում է բոլոր առանցքային ուղղություններով՝ քաղաքական երկխոսությունից և պաշտպանությունից մինչև տնտեսություն, ներդրումներ, ենթակառուցվածքներ, էներգետիկա, կրթություն, գիտություն, մշակույթ և ապակենտրոնացված համագործակցություն»,-հայտարարել է վարչապետը։


Նա հավելել է, որ երկու երկրների միջև համագործակցությունը հաջողությամբ ընդլայնվում է այնպիսի հեռանկարային ոլորտներում, ինչպիսիք են նորարարությունները, արհեստական բանականությունը, կենսաբազմազանության պահպանությունն ու կլիմայական օրակարգը։


Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ համատեղ օրակարգի հետևողական իրականացումը Հայաստանի և Ֆրանսիայի միջև գործընկերությունը կբարձրացնի էլ ավելի բարձր մակարդակի։


«Հայաստանը մեծապես կարևորում է Ֆրանսիայի առանցքային դերակատարությունն ու հետևողական աջակցությունը Եվրոպական միության հետ մեր երկրի գործընկերության խորացման, Հայաստան–Եվրոպական միություն համագործակցության օրակարգի ընդլայնման, ինչպես նաև ժողովրդավարական բարեփոխումների և ինստիտուցիոնալ զարգացման գործում»,-ընդգծել է Փաշինյանը։


 

Leave a comment