Կրեմլն Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ Ալիևի դիրքորոշումը «սխալ» է որակել

Կրեմլը սխալ է համարում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ուկրաինական հակամարտության վերաբերյալ երեկ արտահայտած դիրքորոշումը՝ հայտարարելով, որ կտրականապես համաձայն չէ այդ տեսակետի հետ, գրում է Ինտերֆաքսը։

«Ինչ վերաբերվում է Ուկրաինայի վերաբերյալ նրա դիրքորոշմանը, մենք այդ տեսակետը սխալ ենք համարում։ Եվ մենք հետևողականորեն և համոզիչ կերպով բոլոր ալիքներով կբացատրենք, թե ինչու ենք այն սխալ համարում»,- լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նախօրեին Ադրբեջանի ղեկավարը հայտարարել էր, որ ինքը պահպանում է այն դիրքորոշումը, որը զբաղեցրել է ուկրաինական հակամարտության հենց սկզբից և աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, ինչպես նաև խոսել է նրա հողերի օկուպացիայի մասին։

«Նախագահ Ալիևի արտահայտած դիրքորոշման վերաբերյալ. կան մի շարք պետություններ, որոնց հետ մենք սերտ հարաբերություններն են կապում, որոնք կիսում են այս դիրքորոշումը, և այս դիրքորոշումը, որի հետ մենք կտրականապես համաձայն չենք։ Եվ այո, սա հանդիսանում է  մեր տարաձայնությունների  առարկա»,- նշել է Պեսկովը։

Միաժամանակ, նա ասել է, որ «դա պատճառ չէ, որ այս հարցը որևէ ստվեր գցի ռուս-ադրբեջանական երկկողմ հարաբերությունների վրա»։

«Մենք այստեղ պրագմատիկ մոտեցում ենք ցուցաբերում և կարծում ենք, որ պետք է զարգացնենք մեր հարաբերությունները բոլոր հնարավոր ձևերով, հատկապես այնպիսի երկրի հետ, ինչպիսին է Ադրբեջանը»,- հավելել է Կրեմլի խոսնակը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment