ՀՀ կենտրոնական բանկը, նպատակ ունենալով խթանել նորարարությունը եւ մրցակցությունը ֆինանսական համակարգում, նախաձեռնում է հանրային քննարկում՝ շուկայի մասնակիցների կողմից նորարարական ծառայությունների ներդրման ընթացքում առկա խոչընդոտները բացահայտելու նպատակով:
ԿԲ-ից հայտնում են, որ հավաքագրված տվյալները կկիրառվեն նորարարությունը խթանող գործիքների (ֆասիլիտատոր) ներդրման նպատակահարմարությունը գնահատելու համար։
«Ֆինտեխ էկոհամակարգը ամբողջ աշխարհում շարունակաբար զարգանում է՝ հաճախորդներին տրամադրելով ճկուն եւ անհատականացված ֆինանսական ծառայություններ։ Ֆինտեխ ընկերությունները խթանում են մրցակցությունը ֆինանսական համակարգում՝ նպաստելով առավել արդյունավետ եւ մատչելի ֆինանսական ծառայությունների մատուցմանը։ Ավելին, նորարարության ֆասիլիտատորները ծառայում են որպես կարեւոր գործիքակազմ, որը թույլ է տալիս նորարարական ծառայությունների մուտքը շուկա։
Հանրային քննարկման նպատակն է բացահայտել շուկայի մասնակիցների կողմից նորարարական ծառայություններ մատուցելու ընթացքում առաջացող հիմնական խոչընդոտները: Միեւնույն ժամանակ, քննարկման նպատակն է գնահատել նորարարության ֆասիլիտատորների ինչպես օրինակ՝ նորարարության կենտրոնի (innovation hub) եւ կարգավորող ավազատուփի (regulatory sandbox) անհրաժեշտությունը եւ պահանջարկը շուկայում»,- ասվում է ԿԲ հաղորդագրությունում:
Հանրային քննարկմանը մանրամասները՝ այստեղ: