Volkswagen-ի չորս գերմանական արտադրական հարթակներում աշխատող շուրջ 40 հազար աշխատակից մտահոգված է իր աշխատանքային հեռակարով։ Սակայն կոնցեռնի գլխավոր գործադիր տնօրեն Օլիվեր Բլյումեն հայտարարել է, որ ընկերությունը չի պատրաստվում փակել գործարանները։ Այդ մասին հայտնում է Spiegel-ը։
Խոսելով տասնյակ հազարավոր աշխատատեղերի պահպանման մասին՝ Բլյումեն նշել է, որ ցանկանում է խուսափել գործարանների փակման տարբերակից։
Ռիսկային համարվող արտադրական հարթակների թվում են Ցվիկաուի և Էմդենի Volkswagen-ի գործարանները, Audi-ի գործարանը Նեկկարզուլմում, ինչպես նաև կոմերցիոն ավտոմեքենաների արտադրության գործարանը Հանովերում։
Բլյումեի խոսքով՝ Գերմանիայի արտադրական հարթակներում իրականացվող ծախսերի կրճատման միջոցառումներն արդեն արդյունք են տալիս։
«Միայն անցած տարվա ընթացքում մեզ հաջողվել է մեր գերմանական գործարանների արտադրական ծախսերը միջինում կրճատել 20%-ով։ Սա լուրջ առաջընթաց է», – նշել է նա։
Միևնույն ժամանակ, նրա խոսքով, ընկերությունը պետք է շարունակի ծախսերի օպտիմալացումը։
Բլյումեն դրական է գնահատել նաև նոր էլեկտրամոբիլների մոդելային շարքի վաճառքները։
«Մեր նոր հիմնական մոդելային շարքը՝ ID. Polo-ի գլխավորությամբ, վաճառքի առաջին չորս շաբաթվա ընթացքում գերազանցել է 50 հազար ավտոմեքենան։ Մենք Եվրոպայում շուկայի անվիճելի առաջատարն ենք՝ ինչպես ներքին այրման շարժիչով, այնպես էլ ամբողջությամբ էլեկտրական մեքենաների հատվածում», – ասել է նա։
Միևնույն ժամանակ, Volkswagen-ի ղեկավարի մտահոգության հիմնական պատճառը համաշխարհային տնտեսական և քաղաքական իրավիճակն է։
«Մեր գործունեության միջավայրը երբեք այսքան բարդ և ռիսկային չի եղել։ Աշխարհաքաղաքական լարվածությունը, առևտրային խոչընդոտները, կարգավորումները, շուկայի ցնցումները և սուր մրցակցությունը ստեղծում են լուրջ մարտահրավերներ», – ընդգծել է Բլյումեն։
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ մինչև 2030 թվականը Volkswagen-ը նախատեսում է տարեկան արտադրական հզորությունները կրճատել 1 միլիոնով՝ հասցնելով 9 միլիոն ավտոմեքենայի։
Բացի այդ, մինչև 2035 թվականը ընկերությունը մտադիր է կիսով չափ կրճատել մոդելների քանակը՝ արտադրությունն ավելի արդյունավետ և ծախսարդյունավետ դարձնելու նպատակով։ Նախատեսվում է նաև նվազեցնել կոնցեռնի ներսում առկա մրցակցությունը, քանի որ, օրինակ, Volkswagen, Škoda և SEAT ապրանքանիշերի որոշ մոդելներ մրցում են նույն գնորդների համար։
Ցվիկաուի, Էմդենի, Նեկկարզուլմի և Հանովերի գործարաններում ընդհանուր առմամբ աշխատում է շուրջ 40 հազար մարդ։ Ավելի վաղ Volkswagen-ը հայտարարել էր, որ ուսումնասիրում է այդ հարթակներում պաշտպանական արդյունաբերության արտադրությունների տեղակայման կամ Չինաստանում մշակված սեփական մոդելների արտադրության հնարավորությունը։
Բացի այդ, մինչև 2030 թվականը ընկերությունը նախատեսում է ամբողջ աշխարհում առկա 21 հազար ղեկավար պաշտոններից կրճատել 5 հազարը։ Իսկ ավելի քան 650 հազար աշխատակիցների ընդհանուր թվից քանի աշխատատեղ կարող է կրճատվել, ընկերության ղեկավարությունը դեռ չի հստակեցրել։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։