Առանցքում` Ա կետը. Ամերիաբանկն ամփոփել է «Իմ Հայաստան, իմ ապագա» ուսանողական մրցույթի արդյունքները

Ամերիաբանկն ամփոփիչ միջոցառման շրջանակում համախմբել էր «Իմ Հայաստան, իմ ապագա» ուսանողական մրցույթի հաղթողներին՝ ներկայացնելու արդյունքները և ստեղծելու նոր կապերի, գաղափարների ու փորձի փոխանակման յուրօրինակ հարթակ։

Միջոցառմանը մասնակցում էին նախորդ և այս տարվա հաղթող ուսանողներ, ՀՀ բուհերի և Ամերիաբանկի ներկայացուցիչներ, ինչպես նաև տարբեր ոլորտների խոսնակներ։

«Իմ Հայաստան, իմ ապագա» կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նախաձեռնության շրջանակում անցկացված մրցույթի արդյունքում 200 ուսանող 4 ամիս շարունակ ստացել է ամսական 50,000 ՀՀ դրամ կրթաթոշակ՝ 2025-2026 ուսումնական տարվա համար։

Հանդիպման առանցքում «Ա կետն» էր՝ մեկնարկային կետը, որտեղից սկսվում են նոր որոշումները, հնարավորություններն ու հաջողության ճանապարհը։

«Ուսումը և շարունակական զարգացումն Ամերիաբանկի կարևոր արժեքներից են։ Մենք ցանկանում ենք երիտասարդների հետ կիսվել մեր փորձով, աջակցել նրանց մասնագիտական զարգացմանը և ստեղծել հնարավորություններ, որպեսզի նրանք կարողանան կառուցել իրենց հաջողության պատմությունը», — նշեց Ամերիաբանկի Մարդկային ռեսուրսների կառավարման ծառայության ղեկավար Աննա Վարդանյանցը։

Միջոցառման ընթացքում ուսանողները լսեցին տարբեր տեսակետներ ինտերակտիվ պանելային քննարկման ձևաչափով, հատուկ խաղի միջոցով ծանոթացան միմյանց հետ, լսեցին տարբեր ոլորտների ներկայացուցիչների հաջողության պատմությունները։

Պանելային քննարկմանը մասնակցում էին Ամերիաբանկի Մարդկային ռեսուրսների կառավարման ծառայության ղեկավար Աննա Վարդանյանցը, «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը, Renderforest ընկերության հինադիր և գործադիր տնօրեն Նարեկ Սաֆարյանը և «Մատենա» միջազգային դպրոցի համահիմնադիր և տնօրեն Ռուբեն Հայրապետյանը:

«Մենք ուրախ ենք ուսանողների հետ միասին անցնել այս ճանապարհը, ներդրում ունենալ նրանց զարգացման մեջ, ստեղծել նոր հնարավորություններ մեր երկրի ապագա առաջնորդների համար, միևնույն ժամանակ, սովորել նրանցից ու ոգեշնչվել նրանց գաղափարներով»,- նշել է Ամերիաբանկի Մարքեթինգի և հաղորդակցության գծով տնօրեն Իրինա Փյուսկյուլյանը:

Իրենց փորձով և հաջողության պատմություններով կիսվեցին նաև դերասան Սոս Ջանիբեկյանը, Ամերիաբանկի Մասնաճյուղային ցանցի և կոնտակտային կենտրոնի ղեկավար Անդրանիկ Խաչատրյանը և Ալվարիում ընկերության համահիմնադիր Կարեն Վարդանյանը:

«Պոլիտեխնիկական համալսարանը միանշանակ շատ է կարևորում այնպիսի գործատուներին, ովքեր ստեղծում են հարթակներ, որոնց միջոցով ուսանողները կկարողանան ինքնարտահայտվել և աչքի ընկնել իրենց գիտելիքներով»,- ասաց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Գևորգ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ մինչև օրս «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթների հաղթող են ճանաչվել ՀՀ 18 պետական և մասնավոր բուհ ներկայացնող 360 ուսանող: Բացի այդ, 2024թ. մրցույթի արդյունքներով ևս 10 ուսանող մասնակցել է կարճաժամկետ կրթական ծրագրի ԱՄՆ Բերքլիի համալսարանում, իսկ 3-ը ստացել է ֆինանսավորում Հայաստանի զարգացմանն ուղղված նախագծերի իրագործման համար:

«Ես Բերքլիի համալսարան մեկնող ուսանողներից մեկն եմ: Ինձ համար դա անհավանական, անսպասելի ուղևորություն էր, որի մասին միշտ երազել եմ, բայց չեմ պատկերացրել, որ մի օր կիրականանա: Մրցույթի մասին իմացել եմ քույրիկիցս, ով ավելի քան երեք տարի աշխատում է Ամերիաբանկում: Տեսնելով Ամերիաբանկի թիմի պրոֆեսիոնալ աշխատանքը ուղևորության ընթացքում` բանկի արժեքներն ու աշխատանքային միջավայրը, որոշեցի միանալ Ամերիաբանկին` որպես աշխատակից»,- նշեց «Իմ Հայաստան, իմ ապագա» 2024-ի հաղթողներից Կարինե Ասլոյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment