Թրամփը տեղեկացրել է Կոնգրեսին ռազմական գործողությունների վերսկսման մասին

Հուլիսի 14-ի գիշերը Միացյալ Նահանգները հինգ ժամ տևողությամբ հարվածներ է հասցրել Իրանում գտնվող թիրախներին։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է, որ հարվածները թիրախավորել են Բուշեհր, Չաբահար, Ջասկ, Քոնարակ, Աբու Մուսա և Բանդար Աբբաս նահանգների ռազմական օբյեկտները։

ԱՄՆ զինվորականների պնդմամբ՝ ռմբակոծությունը իրականացվել է Հորմուզի նեղուցում «Իրանի քաղաքացիական նավերին հարձակվելու կարողությունը նվազեցնելու» համար։

Հուլիսի 13-ի երեկոյան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես տեղեկացրել է Կոնգրեսին Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսման մասին։ CNN-ի հաղորդմամբ՝ Թրամփը հայտարարել է, որ դրանք «սահմանափակ հարվածներ» են եղել, որոնք իրականացվել են «քաղաքացիական զոհերի նվազագույնի հասցնելու» նպատակով։

Իր հերթին` Իրանը, ըստ Reuters-ի, հայտարարել է, որ հարձակվել է Հորդանանում ԱՄՆ զինվորականների կողմից օգտագործվող ավիաբազայի վրա։ Հորդանանի և Բահրեյնի իշխանությունները հայտնել են, որ իրենց հակաօդային պաշտպանությունը հաջողությամբ հետ է մղել իրանական հարձակումները։

Իրանական հրթիռները հարվածել են նաև Հորմուզի նեղուցում գտնվող «Մոմբասա» և «Ալ-Բահիա» լցանավերին: Իրանի իշխանությունները պնդում են, որ լցանավերը խախտել են Հորմուզի նեղուցով անցման արգելքը։

Միացյալ Նահանգները և Իսրայելը փետրվարի վերջին սկսել են հարվածներ հասցնել Իրանին: Իրանը հրթիռային և անօդաչու թռչող սարքերով հարձակումներ է իրականացրել Պարսից ծոցի այլ երկրների վրա, որոնց Թեհրանը համարում է ԱՄՆ դաշնակիցներ։

Հունիսի կեսերին Վաշինգտոնը և Թեհրանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր: Փաստաթղթում նախատեսվում էր 60-օրյա հրադադար և Հորմուզի նեղուցով նավագնացության վերսկսում: Իրանը և Միացյալ Նահանգները շարունակել են հարվածներ հասցնել՝ պնդելով, որ հրադադարը պահպանվում է: Հուլիսի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարծում է, որ Իրանի հետ հրադադարը «ավարտվել է»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment