Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են ռուսական հերթական նավթավերամշակման գործարանների վրա

Քաղաքականություն

14.07.2026 | 11:04

Ուկրաինական ԱԹՍ-ները հուլիսի լույս 14-ի գիշերը հարձակվել են ՌԴ Բաշկորտոստանի Սալավատ քաղաքում և Կրասնոդարի երկրամասի Աֆիպսկի բնակավայրում գտնվող նավթավերամշակման գործարանների վրա, գրում է Meduza-ն։

Սալավատում հարված է հասցվել Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից և համալիրներից մեկին՝ «Գազպրոմ նեֆտեխիմ Սալավատ»-ին։

Astra-ն, որը տեղորոշել է ականատեսների լուսանկարները և տեսանյութերը, հաղորդում է, որ նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել։ Նախնական հաղորդագրություններով՝ Սալավատում գտնվող «Ռոսնեֆտ-Օպտ» նավթաբազան հրդեհվել է։

Բաշկորտոստանի  ղեկավար Ռադի Խաբիրովը հաստատել է հանրապետության վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումը:

«Կան մի քանի ծխի օջախներ»,- գրել է նա տելեգրամում՝ հավելելով, որ ոչ ոք չի տուժել։

Կրասնոդարի երկրամասում անօդաչուների հարձակումը հրդեհ է առաջացրել Աֆիպսկիի նավթավերամշակման գործարանում: Տարածաշրջանի օպերատիվ խումբը հայտնել է նաև «Աֆիպսկի, Սմոլենսկայա և Կովալենկո գյուղերի 16 հասցեներում բեկորների ընկնելու մասին»: Վնասվել են մի քանի բնակելի շենքերի տանիքներն ու ճակատային մասերը, մեկ մարդ վիրավորվել է:

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ տեղական  ժամանակով 20:00-ից մինչև 08:00-ն ՀՕՊ համակարգերը «որսացել և ոչնչացրել են» 288 ուկրաինական անօդաչու թռչող սարք 14 շրջաններում և բռնակցված Ղրիմում, ինչպես նաև Ազովի ու Սև ծովերի վրա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment