Գագիկ Ծառուկյանին պատկանող ձիերին ևս փորձում են առգրավել. ԶԼՄ

Բաժանորդագրվել

Փաստաբանի համար անհասկանալի է, թե ինչ հիմքով են տանելու ձիերին, որոնք ոչ թե վայրի, այլ ընտանի կենդանիներ են։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik․ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող ձիերին և փասիաներին ևս փորձում են առգրավել։ Այս մասին հայտնում է «Փաստինֆոն»՝ հղում անելով Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանին։

«Օրեր առաջ եկել էին և ցանկանում էին նման գործողություններ իրականացնել։ Բնականաբար, մեր գործընկեր փաստաբաններն առարկել են այդ գործողության դեմ՝ հաշվի առնելով, որ ձիերը ընտանի կենդանիներ են, և որևէ մեկը խնդիր չունի իր անձնական տարածքում ձիեր պահելու, հատկապես, որ դրա համար առկա են բոլոր անհրաժեշտ և բավարար պայմանները։ Այդ օրը քննիչն արձանագրել է առգրավման անհնարինություն, բայց, այնուամենայնիվ, մենք որոշակի տեղեկություններ ու մտավախություններ ունենք, որ կարող է այդ գործողությունը կրկնվել»,- ասել է Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ անհասկանալի է, թե ինչպես են փորձելու դա անել, բայց կարծում է՝ հերթը նաև փասիաններին է հասնելու, որոնք վայրի կենդանիների հետ կապ չունեն։

Aravot.am-ը ևս գրում է, որ «Մուլտի Գրուպ»-ին պատկանող ձիասպորտի ակումբին տեղեկություններ են հասել, թե առաջիկայում ակումբի 12 ձիերը նույնպես կարժանանան ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մյուս կենդանիների ճակատագրին՝ կառգրավվեն ու կհանձնվեն պետությանը:

«Լուրերը վաղուց էին պտտվում, որ կարող են տանել։ Սկզբում հիմքեր չունեին, քանի որ ընտանի կենդանիներ են համարվում, և ով ուզում է, կարող է պահել, իսկ պայմաններն այստեղ լավն են։ Փորձում էին պայմաններից կառչել, ասել, թե պայմանները վատն են և այլն։ Դրան զուգահեռ ունենք բոլոր ապացույցները, բժիշկների եզրակացությունները, որ ձիերը շատ լավ պայմաններում են ապրում։ Ձիերը չեն շահագործվում, միայն նրանց խնամակալներն են վարում ու խնամում»,- լրատվամիջոցի հետ զրույցում ասել է ձիերից մեկի խնամակալ Մարիամ Սարգսյանը։

Նրանց տեղեկություններով՝ ձիերի հետևից վաղն են գալու։

Հիշեցնենք` հուլիսի 6-ի առավոտյան դիմակավորված հատուկջոկատայինները ներխուժեցին Ծառուկյանի առանձնատուն: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ քննչական գործողություններ են իրականացվում նաև Ծառուկյանին պատկանող տարբեր օբյեկտներում, ինչպես նաև «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված ընկերությունների տնօրենների բնակարաններում։ Ավելի քան 20 ընկերություն կապարակնքվեց և մինչ օրս չի գործում։
Գագիկ Ծառուկյանին ձերբակալեցին, ապա կալանավորեցին 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:

Leave a comment