«Դավիթբեկյան խաղերը» համահայկական երիտասարդական շարժում դառնալու ճանապարհին են. Էդուարդ Աթանեսյան

«Դավիթբեկյան խաղերը» համահայկական երիտասարդական շարժում դառնալու ճանապարհին են. Էդուարդ Աթանեսյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի հարավային դարպաս Սյունիքում արդեն 5-րդ տարին  կայանում է  «Դավիթբեկյան խաղեր» ուսումնամարզական մրցույթ փառատոնը: Այս տարի էլ  Վանեք բնակավայրում  մեկ հարկի տակ են հավաքվել  Հայաստանի տարբեր մարզերի և Սփյուռքի 14-17 տարեկան պատանիները: Տարեցտարի աճող այս ուսումնամարզական փառատոնը ձևավորում է նոր արժեքներ ու կապեր հայ պատանիների միջև՝  դառնալով կրթական, մարզական և հանրային դաստիարակչական գործիք։ 

Հինգ տարվա ընթացքում «Դավիթբեկյան խաղեր» ուսումնամարզական մրցույթ-փառատոնը 8 թիմից հասել է 24-ի, ընդլայնել աշխարհագրությունը՝ ընդգրկելով Հայաստանի գրեթե բոլոր մարզերն ու Սփյուռքը, և այսօր արդեն հավակնում է դառնալ համահայկական երիտասարդական հարթակ»,- Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց «Դավիթբեկյան խաղերի» գործադիր մարմնի ղեկավար Էդուարդ Աթանեսյանը՝ հավելելով, որ այս նախաձեռնության գաղափարախոսությունը թիմային մշակույթի, ազգային ինքնության և երիտասարդների համախմբման մասին է։

Աթանեսյանի խոսքով՝ նախաձեռնության աճը պայմանավորված է ոչ միայն մասնակիցների թվի ավելացմամբ, այլ առաջին հերթին այն գաղափարներով, որոնք ընկած են խաղերի հիմքում։ Նրա գնահատմամբ՝ ժամանակակից աշխարհում, որտեղ արագ զարգանում են տեղեկատվական տեխնոլոգիաներն ու արհեստական բանականությունը, ավելի մեծ արժեք են ձեռք բերում առողջ ապրելակերպը, ֆիզիկական և մտավոր պատրաստվածությունը, թիմային մտածողությունն ու ազգային ինքնության պահպանումը։

«Իմ համոզմամբ՝ «Դավիթբեկյան խաղեր» մրցույթ-փառատոնի շարունակական ընդլայնման գլխավոր գրավականը դրա հիմքում ընկած գաղափարախոսության արդիականությունն ու օրեցօր մեծացող պահանջարկն է։ Տեղեկատվական տեխնոլոգիաների և արհեստական բանականության թռիչքաձև զարգացման ներկա դարաշրջանում այս խաղերը դառնում են առավել հրապուրիչ, քանի որ մեկտեղում են այնպիսի առանցքային արժեքներ, ինչպիսիք են առողջ ապրելակերպը, ֆիզիկական ու մտավոր կոփվածությունը, հոգևոր ժառանգության արժևորումը, կամային որակների զարգացումը, թիմային ոգին, հայրենասիրությունն ու հայրենագիտությունը»,– աասաց նա:

Աթանեսյանի խոսքով՝ եթե սկզբնական շրջանում «Դավիթբեկյան խաղերը» տեղական նախաձեռնություն էին, ապա այսօր արդեն ձևավորվել է համահայկական հարթակ ստեղծելու տեսլական։

«Իր 5-ամյա պատմության ընթացքում այս նախաձեռնությունը տեղական համեստ միջոցառումից վերաճել է մի ձեռնարկի, որն այսօր արդեն ունի համահայկական մասշտաբներ ընդգրկելու հստակ հավակնություններ»,– ընդգծել է Աթանեսյանը։

Այս տարի մրցույթ-փառատոնն անցկացվելու է չորս փուլով՝ ներառելով երեք հիմնական փուլ և եզրափակիչը, որտեղ ամեն փուլում առավելագույն միավորներ հավաքած թիմերը կստանան գլխավոր առաջնությունում մրցելու իրավունք։ Թեև նախատեսված մրցույթներն ունեն ինչպես ֆիզիկական, այնպես էլ ինտելեկտուալ բնույթ: Խաղերի առանձնահատկություններից մեկն այն է, որ այստեղ անհատական հաղթողներ չկան․ բոլոր մրցումները կառուցված են թիմային աշխատանքի սկզբունքով։ Աթանեսյանի խոսքով՝ այս ձևաչափը գիտակցված ընտրություն է և ուղղված է երիտասարդների մտածողության փոփոխությանը։Հայ հասարակությունում, ըստ Էդուարդ Աթանեսյանի, հաճախ գերակշռում է անհատական գործելակերպը, ինչը նկատելի է թե՛ առօրյայում, թե՛ բիզնեսում, թե՛ սպորտում։ Այդ պատճառով նախաձեռնության կազմակերպիչները նպատակ են դրել երիտասարդների մեջ ձևավորել թիմային աշխատանքի մշակույթը և համոզմունքը, որ հաջողությունը հնարավոր է միայն միասնական աշխատանքի շնորհիվ։

«Մեր մրցույթները միտված են երիտասարդների գիտակցության մեջ այն գաղափարի ամրապնդմանը, որ անհատը չի կարող հաղթել, եթե չի հաղթել իր ողջ թիմը։ Ավելին՝ մեր հաջորդ կարևորագույն խնդիրն է հասնել նրան, որ մասնակիցները սովորեն հավաքական «մենքը» տեսնել ու արժևորել ոչ միայն սեփական թիմի նեղ շրջանակում, այլև դրանից դուրս՝ ավելի լայն համատեքստում»,– շարունակեց Էդուարդ Աթանեսյանը:

Այս տարի խաղերին մասնակցում են Հայաստանի գրեթե բոլոր մարզերի, ինչպես նաև Սփյուռքի թիմեր։ Աթանեսյանի համոզմամբ՝ հենց այդ բազմազանությունն է նախաձեռնության կարևորագույն առավելություններից մեկը. Նա շեշտեց, որ տարբեր երկրներում և մարզերում ապրող հայ երիտասարդներն ունեն տարբեր կենսափորձ, մշակութային ու սոցիալական միջավայր, սակայն կազմակերպիչների նպատակը երբեք չի եղել այդ տարբերությունները վերացնելը։ Ընդհակառակը՝ կարևոր է պահպանել բազմազանությունը՝ միաժամանակ ամրապնդելով այն արժեքները, որոնք բոլորին միավորում են։

«Մենք պետք է զարգացնենք ու առաջ մղենք այն ամենը, ինչը միավորում է նրանց։ Այս հարցում առանցքայինը նրանց ազգային ինքնությունն է, պատկանելությունը նույն արմատներին, մայրենի լեզվին, հոգևոր ու մշակութային ընդհանուր ժառանգությանը։ Այս արժեքները պետք է իրենց տեղն ունենան նրանց կյանքում, իսկ թե կյանքի ինչպիսի ուղի կընտրեն երիտասարդները՝ թողնենք իրենց հայեցողությանը»,– նշեց «Դավիթբեկյան խաղերի» գործադիր մարմնի ղեկավարը։

Անդրադառնալով նախաձեռնության ամենամեծ ձեռքբերմանը՝ Աթանեսյանն առանձնացրեց թե՛ մրցումների ընդլայնումը, թե՛ մասնակիցների աճող թիվը, թե՛ ձևավորված համայնքը, սակայն դրանք չեն կարող ամբողջությամբ արտահայտել նախաձեռնության իրական արդյունքը։ Նրա կարծիով՝ ամենաարժեքավորը երիտասարդների մեջ ձևավորվող այն որակներն են, որոնք հնարավոր չէ չափել թվերով կամ վիճակագրությամբ։

«Մենք ամենևին չենք հավակնում պնդել, թե «Դավիթբեկյան խաղերն» ի զորու են արագորեն և արմատապես վերափոխել մարդուն. դա մի գործընթաց է, որը պահանջում է նախևառաջ ընտանիքի, ապա նաև ուսուցիչների, մարզիչների ու հրահանգիչների համատեղ ջանքեր։ Մենք անչափ երջանիկ կլինենք, եթե մեր նախաձեռնությունը անհատի կայացման և մարդակերտման այդ կարևորագույն շղթայում ունենա իր ուրույն դերակատարությունը։ Դա կլինի մեր բարերարների, համախոհների և ողջ թիմի ներդրած ջանքերի լավագույն ու ամենաբարձր գնահատականը»,– եզրափակեց  Էդուարդ Աթանեսյանը։

Այսօր արեդն «Դավիթբեկյան խաղեր 2026» -ում մրցում են 3-րդ շրջափուլի թիմերը, իսկ առջևում ՝ հուլիսի 27-ին սպասում են երզափակիչ մրցույթները, որոտեղ 3 շրջափուլի լավագույնը թիմերը կմրցեն:

 

Leave a comment