Երեկ Թրամփի հրամանով ԱՄՆ զինված ուժերը սկսել են հարվածել Իրանին։
Այդ մասին հայտնել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը։ Իրանական լրատվամիջոցների տվյալներով՝ պայթյուններ են լսվել երկրի հարավում և հարավ-արևելքում, ինչպես նաև Հորմուզի նեղուցի Քեշմ կղզում։
Իսլամական Հանրապետության ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանը կդադարի կատարել հուշագրով ստանձնած պարտավորությունները, մինչև ԱՄՆ-ը չվերադառնա պայմանավորվածությունների կատարմանը։ Ամերիկյան հարվածների ֆոնին Իրանի ԱԳՆ-ն Վաշինգտոնին մեղադրել է միջազգային իրավունքի խախտման մեջ։
Պատերազմը դադարեցնող համաձայնագրի ստորագրումից ընդամենը 25 օր անց ԱՄՆ-ն բացահայտորեն խախտեց դրա գրեթե բոլոր դրույթները: Հարձակվելով Իրանի տրանսպորտային ենթակառուցվածքների, ձկնորսական նավերի, բեռնանավերի, օդերևութաբանական օբյեկտների և շինությունների վրա՝ ԱՄՆ-ն իրականացրել է ռազմական հանցագործությունների ամենածանր գործողությունները։ Նախարարությունում կրկին հիշեցրել են, որ Իրանի դեմ հարձակումների ցանկացած աղբյուր Թեհրանը կդիտարկի որպես պաշտպանական հարվածների օրինական թիրախ:
Ի վերջո, կարո՞ղ է լինել երկարատև խաղաղություն Իրանի և ԱՄՆ-ի միջև, և ո՞րն է խնդիրը, որ երկրները չեն կարողանում գալ համաձայնության․ MediaHub-ը զրուցել է Թեհրանի Allameh Tabataba’i (ATU) համալսարանի դասախոս, միջազգայնագետ Էհսան Մովահեդիանիի հետ։
«Այս հակամարտության ավարտը մեծապես կախված է երկու կողմերի նպատակներից և նրանց հանդուրժողականության շեմերից։ Եթե ԱՄՆ հարձակումները մնան սահմանափակ և թիրախային (օրինակ՝ Իրանի հրթիռային կամ միջուկային կարողությունների խաթարումը), և Իրանը նաև պահպանի իր արձագանքը վերահսկելի (հիմնականում միջնորդ ուժերի կամ կիբեռհարձակումների միջոցով), երկու կողմերը կարող են, որոշ ժամանակ դիմակայությունից հետո և միջազգային ու տնտեսական ճնշման ներքո, համաձայնել ժամանակավոր հրադաղարի: Այս սցենարում լայնածավալ պատերազմ չի բռնկվի, բայց կշարունակվի «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակը: Այնուամենայնիվ, թվում է, թե Ամերիկայի հիմնական նպատակը Իսլամական Հանրապետությունում ռեժիմի փոփոխությունն է և Իրանի փլուզումը, կամ առնվազն՝ Իրանի ափամերձ գծի օկուպացիան Հորմուզի նեղուցից և Պարսից ծոցից հյուսիս»,- նշեց Մովահեդիանին:
Ըստ միջազգայնագետի՝ ԱՄՆ-ի վերջին հարձակումներն Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա, ինչպիսիք են կամուրջների, երկաթուղային գծերի, էլեկտրակայանների և հեռահաղորդակցության ենթակառուցվածքների վրա հարվածները, ցույց են տալիս, որ ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի վրա ցամաքային ներխուժման:
«Հետևաբար, կանխատեսվում է, որ Իրանը կպատասխանի իր ողջ ուժով՝ իրականացնելով զանգվածային հրթիռային հարձակումներ ԱՄՆ տարջանային բազաների վրա և/կամ պարտադրելով Հորմուզի նեղուցի լիակատար շրջափակում: Այս պայմաններում հակամարտությունը կվերածվի տարածաշրջանային և երկարատև պատերազմի, որի ավարտը կախված կլինի կողմերից մեկի լիակատար ուժասպառությունից կամ այլ տերությունների (օրինակ՝ Ռուսաստանի և Չինաստանի) ուղղակի միջամտությունից: Ինչո՞ւ է Իրանի և Միացյալ Նահանգների միջև երկարատև խաղաղության հասնելն այդքան դժվար եղել: Այս դժվարության արմատը չի բախում մեկ խնդրից, այլ պատմական անվստահության և կառուցվածքային հակասությունների խճճված ցանցից»,- ասաց նա։
Միջազգայնագետը հիշեցրեց․ «Չբուժված պատմական վերքեր. 1953 թվականի Իրանի ազգային կառավարության դեմ իրականացված հեղաշրջումը՝ Իրանի նավթը թալանելու համար, ԱՄՆ-ի աջակցությունը Սադամին պարտադրված պատերազմի ժամանակ, 1988 թվականին իրանական ուղևորատար ինքնաթիռի դիտավորյալ խոցումը, Իրանի դեմ տարիների պատժամիջոցները և ԱՄՆ-ի կողմից Իրանի թշնամիներին աջակցությունը, և վերջապես, ԱՄՆ-ի երկու ուղղակի հարձակումները Իրանի վրա, հազարավոր իրանցիների սպանությունը և Իրանի կարևորագույն ենթակառուցվածքների ոչնչացումը. այս ամենը իրանցիների կոլեկտիվ հիշողության մեջ փորագրել է Ամերիկայի խորը բացասական կերպարը՝ որպես անվստահելի և միջամտող թշնամու։ Այս իրավիճակը փոխելը չափազանց դժվար է։ Ինքնության և շահերի հիմնարար բախում. Իրանի համար հիմնական կարգախոսն է «պայքարել ամբարտավանության դեմ» և մերժել ամերիկյան գերիշխանությունը, սկզբունք, որը դարձել է համակարգի ինքնության և լեգիտիմության մաս, հատկապես Ամերիկայի կողմից Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Խամենեիի սպանությունից հետո ԱՄՆ-ի հետ խաղաղության ընդունումը մեկնաբանվում է որպես այս հիմնարար սկզբունքից հրաժարվելը։ Ի հակադրություն դրա, ԱՄՆ Մերձավոր Արևելքի քաղաքականությունը հիմնված է Իսրայելի անվտանգության երաշխավորման, Մերձավոր Արևելքի էներգիայի և ռեսուրսների թալանման և ցանկացած տերության, այդ թվում՝ Իրանի, տարածաշրջանային գերիշխանությանը հակազդելու վրա՝ ի շահ Իսրայելի: Այս առանցքներին դեմ արտահայտվող հզոր Իրանը սահմանվում է որպես «ռազմավարական սպառնալիք»:
Ինչպես նաև, նա հավելեց, որ երրորդ կողմի գործիչների ազդեցությունը նույնպես ազդում է. Իսրայելը, Թուրքիան և Պարսից ծոցի որոշ արաբական պետություններ լարվածությունից զերծ Իրանը Ամերիկայի հետ համարում են իրենց համար ավելի մեծ սպառնալիք և հզոր լոբբինգի միջոցով խոչընդոտում են ցանկացած կայուն դեէսկալացիայի: Դա պայմանավորված է նրանով, որ նրանք գիտեն, որ իր կարողություններով, եթե Իրանը ազատվի ԱՄՆ-ի հետ հակամարտությունից, կդառնա Արևմտյան Ասիայի առաջատար քաղաքական և տնտեսական ուժը:
Մովահեդիանին հավելեց՝ այս մոդելի խնդիրը երկու կողմերի միջև բացարձակ անվստահությունն է՝ նման լայնածավալ պարտավորությունների կատարման հարցում։ Սա հատկապես պայմանավորված է նրանով, որ ԱՄՆ-ն ցույց է տվել, որ եթե զսպում է երկրի ռազմական ուժը, ապա հետագայում կփորձի հարձակվել այդ երկրի վրա ուղղակիորեն կամ անուղղակիորեն (Իսրայելի միջոցով), ինչը տեղի է ունեցել այնպիսի երկրներում, ինչպիսիք են Սիրիան, Լիբիան, Իրաքը և Վենեսուելան։
«Թրամփի կողմից համաձայնագրերի բազմիցս խախտումները, իրանցիների նկատմամբ ստերը և վիրավորանքները դժվարացնում են խաղաղությունը, և նման պայմաններում Իրանը չի վստահում Ամերիկային։ Հետևաբար, կարճաժամկետ հեռանկարում և պատերազմական իրավիճակում «խաղաղության» հասնելը քիչ հավանական է։ Ավելի հավանական է լարվածության շարունակությունը»,- ասաց նա։