Ռուսաստանից, Ղազախստանից և մի շարք այլ երկրներից Ադրբեջանի տարածքով Հայաստան են տեղափոխվել ավելի քան 40 հազար տոննա տարբեր տեսակի բեռներ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայաթափված Շուշիում 4-րդ գլոբալ մեդիա ֆորումի բացման ժամանակ։ Նա Հայաստան բեռների մատակարարումների մասին խոսել է՝ անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսի կողմից 907 փոփոխությունը չչեղարկելուն։
Նա ասել է, թե 907-րդ փոփոխությունն ԱՄՆ Կոնգրեսի կողմից անարդար քայլ էր, որն «առաջ էին քաշել հայամետ սենատորները»։
«Այս պատճառով Ադրբեջանը զրկվել է ԱՄՆ ֆինանսական օգնությունից։ Դա տպավորություն էր ստեղծել, որ Ադրբեջանը շրջափակում է իրականացնում Հայաստանի դեմ, որը չէր համապատասխանում իրականությանը»,- հայտարարել է Ալիևը։
Նա կարծիք է հայտնել, որ 907-րդ փոփոխությունն արդեն հնացած է։
«Նախ՝ Ադրբեջանն ու Հայաստանը նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը նախագահ Թրամփի մասնակցությամբ։ Երկրորդ՝ Ադրբեջանը միակողմանիորեն վերացրել է Հայաստանի նկատմամբ բոլոր սահմանափակումները, և Ռուսաստանից, Ղազախստանից ու այլ երկրներից Հայաստան են մատակարարվել ավելի քան 40,000 տոննա տարբեր բեռներ։ Ադրբեջանը նաև սկսել է նավթամթերք մատակարարել Հայաստան, որի ծավալն այժմ գերազանցում է 10,000 տոննան»։
Ըստ նրա՝ հատկապես ներկայիս պայմաններում, երբ շատ երկրներ վառելիքի պակասի են բախվում, «Հայաստանն ունի վառելիքի հուսալի աղբյուր, և այդ աղբյուրը Ադրբեջանն է»։
«Եթե դա չլիներ, Հայաստանը, հավանաբար, ստիպված կլիներ բենզին և դիզելային վառելիք փնտրել աշխարհի տարբեր մասերում»,- ասել է Ադրբեջանի նախագահը։
Ալիևը նաև հայտարարել է, որ Ադրբեջանը լրջորեն քննարկում է Եվրոպայի խորհրդից ամբողջությամբ դուրս գալու հնարավորությունը։
«2023 թվականին մենք օգտագործեցինք մեր օրինական իրավունքը՝ օկուպացիայից ազատագրելու անջատողականների վերահսկողության տակ մնացած տարածքները։ Սակայն համապատասխան բանաձևեր ընդունվեցին՝ Ադրբեջանին պատժելու համար»,- նշել է նա՝ հերթական անգամ արդարացնելով Արցախում իրանակացված էթնիկ զտումը։
Ալիևը հավելել է, որ 2024 թվականի հունվարին ադրբեջանական պատվիրակությունը զրկվել է քվեարկության իրավունքից, և սա, նրա խոսքով, կապված չէ մարդու իրավունքների հետ, հակառակ դեպքում՝ դա տեղի կունենար ավելի վաղ։
«Ես բաց հայտարարում եմ, որ Ադրբեջանը քննարկում է կազմակերպությունից ամբողջությամբ դուրս գալու հարցը։ Խոսքը միայն անդամակցությունը կասեցնելու կամ սառեցնելու մասին չէ. մենք քննարկում ենք այս կառույցից ամբողջությամբ դուրս գալու հարցը»,- հավելել է նա։
Նրա խոսքով՝ կազմակերպության գլխավոր քարտուղարը խնդրել է իրեն հետաձգել այս որոշումը, ինչը հանգեցրել է գործընթացի ժամանակավոր կասեցմանը։ Սակայն այդ ժամանակից ի վեր իրավիճակը չի բարելավվել. ԵԽԽՎ-ի Բաքվի նկատմամբ ներկայացված վերջնագրային պահանջները մնում են անընդունելի։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի