«Իշխանություն» լրատվականը գրում է․ «Տարիներ շարունակ Արարատյան հայրապետական թեմը Երևանի կենտրոնում մեծ շուքով տոնում էր Վարդավառը՝ ազգային երգով, պարով, խաղերով ու մրցույթներով։ Հազարավոր երիտասարդներ էին մասնակցում միջոցառմանը, իսկ օրվա ավարտին կազմակերպվում էր հյուրասիրություն:
Սակայն այս տարի այդ ավանդական միջոցառումը չկայացավ։ Պատճառը Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց միությունների լուծարումն էր, ինչի հետևանքով տարիներ շարունակ կազմակերպվող երիտասարդական տոնակատարությունը մնաց անցյալում։
«Իշխանություն» լրատվականին պատմեցին, որ քայքայված թեմում ոչինչ այլևս նույնը չէ այն բանից հետո, երբ թեմակալ առաջնորդ Նավասարդ Կճոյանը շեղվեց իր առաքելությունից և միացավ Վեհափառին հեռացնելու փաշինյանական արշավին:
Մեզ պատմեցին, որ թեմի երիտասարդաց միությունները պետք է վերստեղծվեին, իսկ դրանց հոգևոր հովիվը լինելու էր Տեր Արարատ քահանան։ Նրա անունը հանրությանը հայտնի դարձավ այն բանից հետո, երբ վերջինս Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ պատարագի ժամանակ չհիշատակեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը:
Այսպիսով, տարիներ շարունակ ձևավորված եկեղեցական և ազգային ավանդույթի փոխարեն այս տարի Վարդավառի տոնակատարությունը չկայացավ իր նախկին տեսքով։
Հիշեցնենք, որ «Վարդավառ 2026» տոնակատարության կազմակերպման համար Երևանի քաղաքապետարանը հատկացրել է 199 մլն 500 հազար դրամ։
Ի դեպ, գիտակից մարդիկ ապշած, իսկ շատերը զայրացած էին այսօրվա միջոցառման բովանդակությունից։ Նրանց կարծիքով` Հանրապետության հրապարակում տեղի ունեցածը բովանդակային առումով որևէ կապ չուներ Վարդավառի տոնի հոգևոր խորհրդի հետ»: