Այսօր՝ հուլիսի 12-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վաղարշյան փողոցի 24/6 շենքի բակային հատվածում միջադեպ է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ և կան վիրավորներ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների 2 հերթապահ խումբ, ովքեր ըստ դեպքի վայրում հավաքվածների 2 հոգի բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել Երևանի տարբեր մասնագիտացված հիվանդանոցներ։
Դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, գնդակ, վնասված ավտոմեքենաներ, մեկ այլ ավտոմեքենայի վրա էլ առկա է կրակոցի հետք, իսկ մեկ այլ ավտոմքենայի վրա՝ արնանման հետքեր, հայտնաբերվել է նաև կացինի պոչ, որի վրա նույնպես կա արնանման հետքեր, գլխարկներ, հողաթափեր, որոնց վրա նույնպես առկա են արնանման հետքեր։
Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Ազատ Դանիելյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Քննչական կոմիտեի քրեագետները։
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները, վնասվածք ավտոմեքենաների սեփականատարերի, վիրավորների և դեպքի մասնակիցների ինքնությունը։