ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն փաստացի որոշիչ ազդեցություն ունի Վենեսուելայի կառավարման վրա։ Այս մասին գրում է The New York Times-ը՝ նրան բնութագրելով որպես երկրի «դե ֆակտո փոխարքա» (de facto viceroy)։
Պարբերականի գնահատմամբ՝ 2003 թվականին Իրաքի օկուպացիոն վարչակազմի ղեկավար Փոլ Բրեմերից ի վեր որևէ ամերիկացի պաշտոնյա այսչափ լայն ազդեցություն չի ունեցել մեկ այլ պետության ներքին գործերի վրա։
NYT-ի պնդմամբ՝ Ռուբիոն վերահսկում է Վենեսուելայի ֆինանսական հոսքերը, բնական ռեսուրսներից ստացվող եկամուտների բաշխումը և էական ազդեցություն ունի երկրի կառավարության աշխատանքի վրա։ Ըստ հրապարակման՝ վենեսուելական արտահանման եկամուտների զգալի մասը նախ փոխանցվում է ԱՄՆ գանձապետարան, ապա հատկացվում Կարակասին, իսկ Ռուբիոյի թիմը որոշում է, թե այդ միջոցները ինչ նպատակներով կարող են օգտագործվել և ովքեր կարող են դրանցից օգտվել։
Պարբերականը նաև պնդում է, որ Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը Ռուբիոյի հետ համաձայնեցնում է առանցքային կադրային նշանակումները, այդ թվում՝ պաշտպանության նախարարի թեկնածությունը, ինչպես նաև նրա հետ պարբերաբար շփվում է WhatsApp-ով՝ իսպաներեն լեզվով։ NYT-ի տվյալներով՝ նրանց հաղորդագրությունները ներառում են ոչ միայն աշխատանքային հարցեր, այլև անձնական շնորհավորանքներ, լուրեր և լուսանկարներ։
Հրապարակման մեջ նշվում է, որ այդ հարաբերությունները «հեռու են գործընկերային լինելուց» և ներկայացվում են որպես «Թրամփի դարաշրջանի ամերիկյան իշխանության դրսևորում, որտեղ հաղթողը ստանում է ամեն ինչ՝ անկախ ինքնիշխանությունից և միջազգային իրավունքից»։
NYT-ի տեղեկություններով՝ Ռուբիոն վերահսկում է նաև Վենեսուելայի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը և փաստացի որոշում, թե որ արտասահմանյան ընկերությունները կարող են գործունեություն ծավալել երկրում։ Պարբերականի պնդմամբ՝ նրա նախաձեռնությամբ ամերիկյան նավթային ընկերություններն ընդլայնել են իրենց հասանելիությունը վենեսուելական հանքավայրերին, մինչդեռ եվրոպական մի շարք ընկերությունների հնարավորությունները սահմանափակվել են։ Հրապարակման համաձայն՝ իշխանափոխությունից հետո Վենեսուելայի պետական նավթային ընկերությունը վերահսկողության տակ է վերցրել նաև այն նախագծերը, որոնք նախկինում պատկանում էին ռուսական «Ռոսնեֆտ»-ին։
Պարբերականը նաև պնդում է, որ Վաշինգտոնի ազդեցությունը տարածվում է նույնիսկ Վենեսուելայի պաշտոնական հայտարարությունների վրա։ Մասնավորապես, ԱՄՆ-ի հարվածները Իրանին քննադատող հայտարարությունից հետո երկրի արտգործնախարարը, ըստ NYT-ի, ԱՄՆ-ի պահանջով հեռացրել է իր հրապարակումը։
The New York Times-ի տվյալներով՝ Ռուբիոյի ծրագրում երեք հիմնական փուլ կա՝ տնտեսության վերականգնում, երկրի կայունացում և միայն դրանից հետո՝ ժողովրդավարական անցում՝ ազատ ընտրությունների միջոցով։ Թերթը գրում է, որ մինչև վերջին երկրաշարժերը Թրամփի վարչակազմը կարծում էր, թե Վենեսուելան արդեն անցել է երկրորդ փուլ, սակայն բնական աղետը հետ է մղել այդ գործընթացը։ Հրապարակման համաձայն՝ երկրաշարժերից հետո ԱՄՆ-ն Վենեսուելա է ուղարկել շուրջ 900 զինծառայող, մոտ 400 միլիոն դոլարի օգնություն և կանխիկ միջոցներ կառավարության համար։
Միաժամանակ ընտրությունների անցկացման ժամկետները շարունակում են մնալ անորոշ։ NYT-ի փոխանցմամբ՝ այն հարցին, թե երբ կանցկացվեն ընտրությունները, նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը պատասխանել է. «Չգիտեմ։ Մի օր»։ Քաղաքագետների գնահատմամբ՝ նա կարող է պարզապես սպասել Դոնալդ Թրամփի նախագահական ժամկետի ավարտին՝ հույս ունենալով, որ Վաշինգտոնի ճնշումը կնվազի։ Սակայն թերթն ամփոփում է, որ ընտրությունների անցկացման ժամկետի հարցը ներկայումս «գտնվում է ոչ թե նրա, այլ Մարկո Ռուբիոյի ձեռքում»։