Ջրոցի՞, թե՞ Պայծառակերպություն. ինչպիսին էր և ինչպիսին է Վարդավառը

Ջրոցի՞, թե՞ Պայծառակերպություն. ինչպիսին էր և ինչպիսին է Վարդավառը

Հասարակություն

Այսօր Վարդավառ է՝ հայ ժողովրդի ամենասիրելի ու ամենասպասված տոներից մեկը։ Թեև այն Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից է և տոնացույցում նշվում է որպես Քրիստոսի Պայծառակերպության տոն, ժողովրդի շրջանում հայտնի է նաև իր ժողովրդական ավանդույթներով ու տոնակատարություններով։

«Ա1+»-ը Վարդավառի պատմական ակունքների, ժողովրդական ավանդույթների և տոնի ժամանակակից ընկալման մասին զրուցել է Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, ազգագրագետ Հասմիկ Աբրահամյանի հետ։

 Պայծառակերպությունը հիմնված է Ավետարանի մի դրվագի վրա. Քրիստոսը երեք աշակերտների՝ Պետրոսի, Հովհաննեսի և Հակոբոսի հետ բարձրանում է Թաբոր լեռ, որտեղ նրանց ներկայությամբ պայծառակերպվում է։ Ավետարանական պատմության համաձայն՝ նրա դեմքը լուսավորվում է, իսկ կողքին հայտնվում են Մովսեսն ու Եղիան։ Այս իրադարձությունն է հիմք դարձել եկեղեցական տոնի ձևավորման համար։

Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցում Պայծառակերպության տոնը ներառվել է վաղ միջնադարում՝ մոտավորապես 6-րդ դարի կեսերից մինչև 7-րդ դարի սկիզբը։

Ժողովրդական ծեսի նկարագրությունները առավել ամբողջական հանդիպում են հիմնականում 19-րդ դարից սկսած։ Ավելի վաղ աղբյուրներում հիշատակվում է նախևառաջ Վարդավառին նախորդող պահքը, իսկ ժողովրդական ծեսերի նկարագրությունները պահպանվել են հետագա շրջանի գրառումներում։

Տոնի առանցքային բաղադրիչը ջրոցին է, և դրա ակունքները շատ ավելի խորն են։ Ջուրը ժողովրդի կյանքում միշտ առանձնահատուկ նշանակություն է ունեցել։ Եթե դիտարկենք Վարդավառի ավանդական միջավայրը, կտեսնենք, որ այն հիմնականում նշվել է լեռնային և բարձրադիր վայրերում, որտեղ մարդիկ գարնանից մինչև աշուն զբաղվել են հեռագնա անասնապահությամբ։ Այդ պայմաններում արևի և ջրի ներդաշնակությունը կենսական նշանակություն ուներ․ երաշտն էլ էր վտանգավոր, չափազանց առատ տեղումներն էլ։ Հետևաբար ջուրը ոչ միայն զվարճանքի, այլև կյանքի ու բերքի խորհրդանիշ էր։

Լեռների հետ կապված պատկերացումներն էլ պատահական չեն։ Լեռները աղբյուրների ծննդավայրն են, որտեղից սկիզբ են առնում գետերը։ Այդ պատճառով ժողովրդի պատկերացումներում դրանք ընկալվել են որպես սրբազան վայրեր, իսկ գագաթները՝ բարձրագույն ուժերի հետ հաղորդակցվելու տեղեր՝ «Բարձրյալի աթոռներ»։

Վարդավառի տոնակատարությունների գլխավոր վայրերը եղել են ուխտատեղիներն ու բարձրադիր սրբավայրերը։ Օրինակ՝ Սյունիքում մարդիկ բարձրացել են Խուստուփ լեռ, իսկ մեր օրերում Վարդավառի հայտնի ուխտավայրերից է Հովհաննավանքը։ Երբ խոսվում է բարձրադիր վայրերում Վարդավառը տոնելու մասին, նկատի է առնվում նաև այն, որ այդ վայրերում սրբավայրեր են եղել։

Տոնի ժամանակի վերաբերյալ ևս հետաքրքիր պատկեր է ձևավորվել։ Այսօր եկեղեցին Վարդավառը նշում է Զատիկից 14 շաբաթ անց ընկած կիրակի օրը, որը կարող է լինել հունիսի 28-ից մինչև օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում։ Սակայն ժողովրդական ավանդույթում տարբեր շրջաններ ունեցել են իրենց հաշվարկը՝ պայմանավորված գյուղատնտեսական աշխատանքների ընթացքով։ Օրինակ՝ մինչ օրս Տավուշի որոշ համայնքներում Վարդավառը նշվում է հուլիսի 22-ից հետո եկող առաջին կիրակի օրը։

Հետաքրքիր է նաև տոնի անվան պատմությունը։ «Վարդավառ» բառը տարբեր բարբառներում բազմաթիվ տարբերակներ ունի, որոնք գրանցվել են դեռ վաղ շրջանի մատենագրական աղբյուրներում։ Այդ տարբերակներից մեկը՝ «ճռճամ»-ը, մինչ օրս պահպանվել է Վայոց ձորում և Սյունիքում։

Վարդավառը նաև համայնքային մատաղի տոն էր։ Ավանդաբար այդ օրը զոհաբերություն էին անում՝ որպես շնորհակալություն տարվա հաջող ընթացքի և հետագա բարեհաջողության ակնկալիքի համար։ Դրանից հետո մարդիկ միասին ճաշակում էին այն։ Եթե նախկինում առավել տարածված էին համայնքային մատաղները, ապա այսօր ավելի հաճախ հանդիպում են ընտանեկան կամ անհատական մատաղներ։

Ժամանակի ընթացքում Վարդավառը զգալիորեն փոխվել է։ Այսօր այն հաճախ վերածվում է փառատոնի՝ զբոսաշրջիկներին գրավելու, ժամանցային միջոցառումներ կազմակերպելու նպատակով։ Սա բնական և անխուսափելի գործընթաց է, սակայն դրա արդյունքում տոնը որոշ չափով հեռանում է իր սկզբնական բովանդակությունից և ձեռք բերում նոր իմաստներ։

Միևնույն ժամանակ, ջրոցի սովորույթը շարունակում է պահպանվել։ Այն ոչ միայն ամառվա շոգին մարդկանց համախմբող ուրախ ավանդույթ է, այլև ունի խորքային խորհրդանշական նշանակություն։ Ջուրը կապված է մաքրագործման, նորացման գաղափարի հետ և քրիստոնեական ընկալմամբ հիշեցնում է նաև համաշխարհային ջրհեղեղի ավարտից հետո Նոյի տապանից դուրս գալու պատմությունը։

Ազգագրագետի գնահատմամբ՝ վերջին տարիներին Վարդավառի գաղափարական ընկալումը փոխվել է․ այն աստիճանաբար ավելի շատ ընկալվում է որպես ամառային փառատոն, քան որպես հոգևոր և ավանդական տոն։

 

Leave a comment