Էրդողանի կուսակցությունը հերքել է ռուսական С-400-ների վերավաճառքի մասին լուրերը

Բաժանորդագրվել

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ ամերիկյան F-35 կործանիչների ձեռքբերման խոչընդոտը վերացնելու նպատակով Թուրքիան որոշել է С-400-ները փոխանցել Պարսից ծոցի երկրներից մեկին:

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Թուրքիայի իշխող կուսակցությունում ռուսական С-400-ների վերավաճառքի մասին լուրերն անվանել են շահարկում:

«Habertürk» հեռուստաալիքին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Հասան Յալչինը հայտնել է, թե Թուրքիան երրորդ երկրներին չի վաճառել Ռուսաստանից գնված С-400 զենիթահրթիռային համակարգերը:

«Եթե С-400-ները մեկ այլ երկրի վաճառելու հարց առաջանա, ապա հնարավոր կլինի բանակցություններ վարել Ռուսաստանի և գնորդ երկրի հետ։ Բայց հիմա այդպիսի բաներ քննարկելը, հիմնվելով շահարկումների վրա, անխոհեմություն է», – ասել է Յալչինը։

Ավելի վաղ «Hürriyet» թերթը հայտնել էր, որ Անկարան և Վաշինգտոնը բանակցություններ են վարում Պարսից ծոցի երկրներից մեկին С-400-ների փոխանցման շուրջ: Որպես հնարավոր գնորդներ նշվել էին ԱՄԷ-ն և Կատարը։

Հուլիսի 10-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանը կապի մեջ է Թուրքիայի հետ ավելի վաղ այդ երկրին մատակարարված ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի հարցով՝ այդ թեման անվանելով գերզգայուն:

Հուլիսի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ Վաշինգտոնը կչեղարկի ռուսական С-400-ների ձեռքբերումից հետո Անկարայի դեմ սահմանված պատժամիջոցները: «Reuters» գործակալությունը պարզաբանել էր, որ ԱՄՆ իշխանությունները դիտարկում են Թուրքիային F-35 կործանիչների մատակարարման ծրագիրը վերականգնելու հնարավորությունը, որոնց մատակարարումներն արգելվել են 2020 թվականից:

Leave a comment