ԱՄՆ-ն հարվածել է Իրանին, Թեհրանը պատասխանել է և փակել Հորմուզը
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին, Թեհրանը փակել է Հորմուզի նեղուցը
Իրանի շուրջ լարվածությունը շարունակում է աճել։ ԱՄՆ զինված ուժերը հերթական հարվածներն են հասցրել Իրանի ռազմական ենթակառուցվածքներին, իսկ Թեհրանը պատասխան գործողությունների շրջանակում հայտարարել է Հորմուզի նեղուցի փակման մասին։
ԱՄՆ կենտրոնական հրամանատարության (CENTCOM) տվյալներով՝ թիրախավորվել է շուրջ 140 ռազմական օբյեկտ, այդ թվում՝ հրթիռային և անօդաչու համակարգեր, ռազմածովային ենթակառուցվածքներ, զինամթերքի պահեստներ, կապի հանգույցներ և առափնյա հսկողության օբյեկտներ։ Նշվում է, որ վերջին երեք օրում ամերիկյան ուժերը հարվածներ են հասցրել ավելի քան 300 թիրախի։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ), իր հերթին, հայտարարել է Հորդանանում, Քուվեյթում և Բահրեյնում ամերիկյան ռազմական օբյեկտներին հասցված հարվածների մասին։ Իրանական կողմի պնդմամբ՝ ոչնչացվել են հրամանատարական կենտրոններ, անօդաչու թռչող սարքերի անգարներ, կապի և ռադիոտեղորոշիչ օբյեկտներ։
Reuters-ի փոխանցմամբ՝ Իրանը հայտարարել է նաև Հորմուզի նեղուցի փակման մասին՝ նշելով, որ այն կշարունակվի մինչև տարածաշրջանում ԱՄՆ ռազմական միջամտության դադարեցումը։ Թեհրանը պնդում է, որ նախազգուշական կրակ է բացել նեղուցով անցնող բեռնանավի ուղղությամբ, որից հետո սահմանափակել է նավարկությունը։
Միաժամանակ Կատարը հայտնել է իրանական հրթիռի խոցման մասին, իսկ Բահրեյնում օդային տագնապ է հայտարարվել։ Արաբական Միացյալ Էմիրությունները նույնպես տեղեկացրել են իրանական անօդաչու թռչող սարքերն ու հրթիռները վնասազերծելու գործողությունների մասին։
Մինչ այդ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը պատրաստ է շարունակել բանակցությունները Իրանի հետ, սակայն ընդգծել էր, որ հրադադարի ռեժիմն այլևս չի գործում։
Աղբյուր՝ Reuters, CENTCOM, իրանական պետական լրատվամիջոցներ։