Երբ իրավապաշտպան կազմակերպությունները գտնվում են լոթարգիական քնի մեջ, ստիպված լրատվամիջոցն է զբաղվում մարդու իրավունքներով

Ըստ շրջանառվող լուրերի՝ կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի մոր՝ 93-ամյա Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը։ ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվության համաձայն՝ պատճառը եղել է այն բռնությունը, որը կիրառվել է որդու ձերբակալման ժամանակ։

Զերծ մնալով Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքներին գնահատական տալուց, քանի որ այդ մասին շատ է խոսվել, թերևս անդրադառնանք բերման ենթարկելու փաստին, ավելի շուտ այն գործողություններին, որոնք իրավապահները կիրառում են հատկապես քաղաքական ենթատեքստերով ձերբակալությունների ժամանակ։ Դեռևս ոչ վաղ անցյալում եվրոպացի որոշ ներկայացուցիչներն էին բոլորի ուշադրությունը հրավիրել Հայաստանում ձերբակալությունների ժամանակ կիրառվող անհամաչափ ուժի ու անհարկի բռնության վրա։

Իրավապահներին հարկ է հիշեցնել, որ իրենք չունեն մարդկանց պատժելու ու ստորացնելու որևէ իրավունք։ Իրենց պարտականությունը մարդկանց ձերբակալելն է, իսկ կպատժվի արդյունքում այդ մարդը, թե՝ ոչ, դա արդեն որոշում է դատարանը։

Ընդ որում, պատիժը լինում է ոչ թե ֆիզիկական բռնության, այլ ազատազրկման, գույքի բռնագրավման, տուգանքի և այլնի տեսքով։

Սակայն Հայաստանում նախքան դատական վճիռը մարդը նախօրոք ենթարկվում է ֆիզիկական պատժի, ավելին՝ այդ ամենը նկարահանվում ու ցուցադրվում է լայն հասարակությանը, ինչն էլ բռնության ենթարկվելուն զուգահեռ ստորացնում է մարդու արժանապատվությունը։ Մինչդեռ ոչ մի անհատ, ո՛չ մի իշխանություն, ո՛չ մի մարմին ու ո՛չ մի ատյան որևէ անձի ստորացնելու, արժանապատվությունը ոտնահարելու իրավունք չունի։

Այլ խոսքով ասած՝ իշխանությունները, եթե նույնիսկ մարդը ինչ-որ հարցում մեղավոր է, նպատակ են հետապնդում ոչ միայն հանցանք կան զանցանք կատարածին ենթարկել օրենքով նախատեսված պատժի, այլ ստորացնել նրան, վարկաբեկել հանրության աչքում, ստեղծել շոու, ինչը լայն մասաների մոտ կստեղծի իշխանության անպարտելիության զգացում։

Իսկ ինչո՞ւ ենք հենց մենք՝ որպես լրատվամիջոց, հիշեցնում իրավապահներին իրենց արարքի ողջ տգեղությունը, այլ ոչ որևէ այլ կազմակերպություն, ինչո՞ւ ենք հենց մենք փորձում ստանձնել այդ «առաքելությունը»։ Պատճառը շատ պարզ է․ իրավապաշտպան կազմակերպությունների ճնշող մեծամասնությունը ժամանակին պաշտպանում էր շատ որոշակի անձանց իրավունքները, սակայն այդ նախկին «հալածյալներն» այսօր արդեն իշխանության են, հետևաբար պաշտպանության կարիք չունեն։ Իսկ քանի որ, այնուամենայնիվ, ակնհայտորեն ոտնահարվում են մարդկանց իրավունքները, ոտնահարվում է արժանապատվությունը, իսկ իրավապաշտպան կազմակերպությունների մեծ մասն ընկել է լոթարգիական քնի մեջ, ստիպված մենք ենք փորձում լրացնել այդ բացը, որպեսզի քաղաքացիները հանձնիս մեզ տեսնեն օղակի, որն անտարբեր չէ իրենց հետ կատավող բռնությունների հանդեպ։

Leave a comment