«Ոսկե ծիրան»-ի GAIFF Pro 2026-ը կմիավորի միջազգային կինոարդյունաբերության առաջատար մասնագետներին

Մշակույթ
Պաշտոնական

«Ոսկե ծիրան»-ի GAIFF Pro 2026-ը կմիավորի միջազգային կինոարդյունաբերության առաջատար մասնագետներին

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի համարտադրության և ֆինանսավորման հարթակը՝ GAIFF Pro Industry-ն, ներկայացրել է 2026 թվականի ծրագիրն ու պաշտոնական ընտրանին՝ միավորելով Արևմտյան Ասիայի և այլ երկրների նոր սերնդի կինոռեժիսորների համարձակ ու հեռանկարային նախագծերը։

Այս տարվա GAIFF Pro համարտադրության շուկան, որն իրականացվում է DOCA Georgia-ի հետ համագործակցությամբ, ներառում է 17 ընտրված նախագիծ․ դրանցից 12-ը զարգացման փուլում են, իսկ 5-ը՝ հետարտադրության (Work-in-Progress) փուլում։

Ծրագրին մասնակցում են կինոգործիչներ և պրոդյուսերներ ավելի քան 14 երկրից։ Ընտրված նախագծերը ներկայացնում են Հայաստանը, Իրանը, Վրաստանը, Եգիպտոսը, Իրաքը, Եմենը, Թուրքիան, Կատարը և Սաուդյան Արաբիան՝ Ֆրանսիայից, Բելգիայից, Կանադայից, Միացյալ Թագավորությունից և ԱՄՆ-ից համարտադրողների մասնակցությամբ։

GAIFF Pro-ն կներկայացնի նաև Short Cuts Nest նախաձեռնության չորրորդ թողարկումը՝ հայկական և սփյուռքահայ կարճամետրաժ ֆիլմերի նախագծերի համար նախատեսված շուկան։ Նախաձեռնության նպատակն է խթանել հայկական կարճամետրաժ կինոյի զարգացումը, բարձրացնել դրա ներկայությունը միջազգային կինոարդյունաբերությունում և աջակցել նոր կինեմատոգրաֆիական ձայների ձևավորմանը։

2026 թվականին GAIFF Pro-ն ստացել է մեծ թվով հայտեր Արևմտյան Ասիայի տարբեր երկրներից։ Ընտրությունն իրականացրել է միջազգային փորձառու մասնագետներից կազմված անկախ հանձնաժողովը։

GAIFF Pro-ի միջազգային ժյուրիում ընդգրկված են կինոոլորտի ճանաչված մասնագետներ՝ Nordisk Film & TV Fond-ի վավերագրական նախագծերի խորհրդատու Օվե Ռիշոյ Յենսենը, DOK Leipzig-ի DOK Industry ծրագրի ղեկավար Նադյա Թենշտեդտը, վենետիկյան կինոփառատոնի մրցանակակիր մոնղոլ ռեժիսոր Լխագվադուլամ Պուրև-Օչիրը, Cinephage ընկերության գլխավոր տնօրեն և պրոդյուսեր Վիկտոր Էդենը, վավերագրող և Documentary Association Georgia-ի նախագահ Սալոմե Ջաշին, իրանահայ կինոռեժիսոր Անահիտ Աբադը, ֆրանսիացի պրոդյուսեր Օլիվիե Բերլեմոնը և հայ ռեժիսոր, պրոդյուսեր Իննա Սահակյանը։

GAIFF Pro-ն երկրորդ անգամ տարածաշրջանում կհյուրընկալի նաև Casting Workshop-ը, որը կվարեն Եվրոպայի առաջատար քասթինգ տնօրեններից երեքը՝ Մաուրիլիո Մանգանոն, Հերմինա Ֆատյոլը և Հարիկա Ույգուրը։ Նրանք կաշխատեն Հայաստանից, Վրաստանից, Իրանից և սփյուռքից ընտրված 16 պրոֆեսիոնալ դերասանների հետ՝ ներկայացնելով միջազգային լսումների առանձնահատկություններն ու գործնական հմտություններ։

Ծրագրին կմիանա նաև Denkungsart GmbH-ի գլխավոր տնօրեն Դավիդ Ցիցլսպերգերը, որը կներկայացնի կինոարդյունաբերության թվային ենթակառուցվածքների և նորարարական լուծումների թեմաները։

GAIFF Pro-ն հայտարարել է նաև AI Track ծրագրի մասնակիցներին, որն իրականացվում է Lumiverse-ի հետ համագործակցությամբ և Magnific AI-ի գործընկերությամբ՝ ընդգծելով արհեստական բանականության աճող դերը ժամանակակից կինոարտադրությունում։

GAIFF Pro Industry-ի ղեկավար Նարե Լեոնե Տեր-Գաբրիելյանի խոսքով՝ 2026 թվականի ծրագիրը միավորում է ավանդական կինոարտադրական մոտեցումները նորարարական տեխնոլոգիաների հետ՝ կարևորելով պատասխանատու և հեռանկարային պատմությունները։

Այս տարի GAIFF Pro-ն Հայաստանի կինոօպերատորների գիլդիայի հետ համագործակցությամբ կներկայացնի նաև կինոօպերատորական արվեստին նվիրված հատուկ ծրագիր։ Այն ներառում է աշխատարաններ և վարպետաց դասեր, որոնց կմասնակցեն միջազգային ճանաչում ունեցող կինոօպերատորներ։

Ծրագրի մասնակիցների թվում են «Օսկարի» վեցակի հավակնորդ ֆրանսիացի կինոօպերատոր Բրունո Դելբոնելը, «Օսկարի» կրկնակի հավակնորդ իռլանդացի կինոօպերատոր Շեյմուս ՄաքԳարվին, իրանական կինոյի հայտնի կինոօպերատոր Մահմուդ Քալարին, ինչպես նաև FRAN խորհրդատվական ընկերության հիմնադիր Ֆրանչեսկա Զերենգին։

GAIFF Pro 2026-ը կանցկացվի «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի շրջանակում՝ շարունակելով զարգացնել տարածաշրջանի կարևորագույն մասնագիտական կինոհարթակներից մեկը։

Leave a comment